Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|
15:35 - 14 օգոստոսի, 2020

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սպասվում է, որ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում տնտեսությունն ավելի դրական միտումներ ու ցուցանիշներ կգրանցի, քան գրանցել է երկրորդ եռամսյակում։

Հայաստանում սովորաբար համախառն ներքին արդյունքի մոտ 40 %-ն արտադրվում է առաջին կիսամյակում, 60 %-ը՝ երկրորդ կիսամյակում։ Այս հանգամանքը և տնտեսական ակտիվության անկման տեմպերի սպասվող թուլացումը հաշվի առնելով՝ նախարարությունը կանխատեսում է, որ Հայաստանը տարին կամփոփի համախառն ներքին արդյունքի շուրջ 5 % նվազմամբ։

«Սա նման է համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համաշխարհային տնտեսության մինչև 6 % անկում են կանխատեսում։ Նաև կանխատեսում են, որ 2021 թվականը լինելու է տնտեսության վերականգնման տարի»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23.4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11.1 %, ծառայությունների ոլոտում՝ 6.4 %։

Առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը 1.5 % է, գյուղատնտեսության աճը՝ 1.7 %: 

Կենտրոնական բանկն էլ (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսել է 4 % տնտեսական անկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել