armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն ուղղված 23-րդ միջոցառուման շահառուները, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը՝ շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է նոր որոշում՝ 23-րդ  տնտեսական միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների 3 բնագավառում աջակցության հարցերին: Տվյալ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը:

Մենք մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների, ինչպես նաև անմիջապես ընկերությունների ներկայացուցիչներ հետ:

Եկել ենք այն եզրակացության, որ նշված կազմակերպություններն իրենց առջև ծառացած խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատատեղերի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը:

Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա,  ինչպես ընդգծեց նախարարը, աջակցության հիմքում առաջինը սահմանել են առնվազն երեք աշխատող ունենալու կանոնը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ունեն 2, սակայն սովորաբար ունեցել են 3 և ավելի աշխատակից, եթե առաջիկա ամիսներին ունենան 3 աշխատող, ապա կկարողանան դառնալ աջակցության շահառու:

Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ. մարտի 31-ը:

«Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում կամ խթանում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, չնայած եկամուտների էական կրճատմանը, շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան յուրաքանչյուր 4-րդ աշխատակցի կամ աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը:

Այն ընկերությունները, որոնք չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տվյալ միջոցառումն ունի առանձնահատկություն՝ աջակցությունը կշարունակվի հաջորդ 9 ամսվա համար:

Տնտեսավարողները հատուկ դիմում չեն ներկայացնելու, այլ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսավարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած հայտարարագիրը:

Աջակցության այլ ծրագրերից օգտվելը չի խանգարի կազմակերպություններին՝ օգտվել 23-րդ միջոցառումից, այսինքն՝ եթե կազմակերպությունը երրորդ միջոցառման շրջանակում ստացել է վարկային աջակցություն, դա չի նշանակի, որ նրա աշխատակիցների չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում չի լինելու: