Երկուշաբթի՝ 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ 1000. Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ժամանակ |tert.am|
13:38 - 13 օգոստոսի, 2020

Երկուշաբթի՝ 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ 1000. Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ժամանակ |tert.am|

tert.am: Բելառուսի իշխանությունները հայտնել են, որ հետընտրական բողոքի ակցիաների և ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կիրակի կայացած նախագահական ընտրությունների վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո երկրում չեն դադարում ցույցերը, որոնք զսպվում են ամենախիստ ու դաժան ձևով:

Բելառուսի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ընտրություներից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկուշաբթի ձերբակալվել է 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ հազար մարդ:

Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է ցուցարարներին բռնության ենթարկելու ու դրա համար անպատիժ մնալու համար: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակում անցորդներին ու մահակներով ծեծում ցուցարարներին:

Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի տեսանյութ, որում իրավապահներից մեկը ծեծված ցուցարարներին արհեստականորեն փոխված ձայնով հարցնում է.«Դե ինչ՝ էլի՞ եք ուզում հեղափոխություն անել»: Դրան ի պատասխան ցուցարարները տարուբերում են գլուխները:

Նշվում է, որ հուսահատ ընտանիքներն ամեն առավոտ հավաքվում են ոստիկանական բաժանմունքի մոտ՝ իրավապահներին խնդրելով որևէ տեղեկություն փոխանցել ցույցերի ժամանակ անհետ կորած իրենց հարազատների մասին: Այդ ֆոնին ժամանում են նոր ոստիկանական մեքենաներ՝ ձերբակալված ցուցարարների նորանոր խմբերով: Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան նաև տասնյակ ռուս լրագրողներ:

Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով զանգվածային ձերբակալություններին, նշել է.«Այսպես կոչված ցուցարարների մեծ մասը քրեական անցյալով ու ներկայում գործազուրկ մարդիկ են»:

Մինչդեռ Եվրոպական միությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել ընտրությունների հավանական կեղծման և ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ  կիրակի օրվա ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ էլ ազնիվ» են եղել: Բարձրաստիճան պաշտոնյան խոստացել է խորապես վերանայել ԵՄ-ի՝ Բելառուսի հետ հարաբերությունները՝ սպառնալով պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են  բռնության կիրառման, չարդարացված ձերբակալությունների և ընտրակեղծարարության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել