Ինչպես է փոխվել աշխատողների ու կազմակերպությունների թիվը համավարակի օրերին |hetq.am|
12:27 - 13 օգոստոսի, 2020

Ինչպես է փոխվել աշխատողների ու կազմակերպությունների թիվը համավարակի օրերին |hetq.am|

hetq.am: Ապրիլին թե՛ աշխատողների, թե՛ կազմակերպությունների քանակը շեշտակի նվազել է։ Մայիսից դրական դինամիկա է նկատվում։

2020 թվականի հունիսի դրությամբ՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 632 704: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) նախնական ամփոփ ցուցանիշներից, մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 24 856-ով։

Արտակարգ դրության պայմաններում գրանցված աշխատողների թվաքանակի կտրուկ անկում է գրանցվել ապրիլին։ Այդ ամիս աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 585 103, որը մարտի համեմատ նվազել էր 33 462-ով։ Այս թիվը էականորեն տարբերվում է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներից, թեև Վիճկոմիտեին ելակետային տվյալները ևս տրամադրում է հենց ՊԵԿ-ը։

ՊԵԿ-ից  ավելի վաղ հայտնել էին, որ գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին կրճատվել է 74 359-ով։ Եվ սա ցույց է տալիս ոչ թե քանի գրանցված աշխատող է աշխատանքը կորցրել ապրիլին, այլ՝ թե որքանով է պակասել փաստացի աշխատավարձ ստացողների թիվը։ Այսինքն՝ կարող է քաղաքացին լինել գրանցված աշխատող, բայց այդ ամիս աշխատավարձ ստացած չլինի, քանի որ գտնվել է հարկադիր պարապուրդում։ Ստացվում է, որ ՊԵԿ-ի նշած տվյալներում հաշվի է առնվել հարկադիր պարապուրդում հայտնվելու փաստը։ Սակայն Վիճկոմիտեին սա չի հաշվարկել, ու հարկադիր պարապուրդում հայտնվածները ևս ներառվել են աշխատողների թվաքանակի մեջ։

Բոլոր դեպքերում, դինամիկան ցույց է տալիս, որ աշխատաշուկայում ապրիլին լուրջ բացասական տեղաշարժեր են գրանցվել։ Մայիսից արդեն թե՛ աշխատողների թիվն է ավելացել, թե՛ գրանցված կազմակերպությունների։

Եթե պատկերը համեմատում ենք 2019 թվականի նույն ամիսների հետ, ապա՝ այս տարի գրանցված աշխատողների թիվը բոլոր ամիսներին ավելի բարձր է եղել՝ բացառությամբ ապրիլի։

Հայաստանի աշխատանքի շուկայի մասին պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, թույլ չի տալիս ամբողջությամբ ճշգրիտ պատկերը հասկանալ։ Չնայած, որ այս տվյալներով կարելի է մոտավոր եզրահանգումների գալ, նկատել միտումները, սակայն պետք է միշտ հաշվի առնել, որ Հայաստանում դեռևս բազմաթիվ աշխատողներ գրանցված չեն։ Նրանց «չեն տեսնում» ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն, ո՛չ էլ՝ Վիճակագրական կոմիտեն։ Հետևաբար այս տվյալները աշխատանքի շուկայի ստվերային հատվածը չեն ներկայացնում։

 

 

Նույն դինամիկան տեսնում ենք նաև գրանցված կազմակերպությունների վիճակագրության մեջ։ Եթե ապրիլին գրանցված կազմակերպությունների թիվը նվազել ու կազմել է 46 082, ապա մայիսին այն դարձել է 49 010: Արդյունքում հունիսին Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվն ավելի բարձր է եղել, քան տարվա սկզբում էր (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան

Այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ կազմակերպությունների մեծ մասը, թեև գրանցված են պետական ռեգիստրում, սակայն փաստացի չեն գործում։ Եթե Վիճակագրական կոմիտեն հրապարակեր փաստացի գործող ընկերությունների թիվը, դա ևս ավելի հստակ պատկերուցմներ կտար շուկայի փոփոխությունների մասին։

 

 

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 200 դրամ։ Սա ներառում է նաև հարկերը։ Այսինքն՝ խոսքը, ասպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձի մասին է։ 2019 թվականի հունիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 1.5%-ով։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել