Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է
 |pastinfo.am|
19:54 - 12 օգոստոսի, 2020

Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է |pastinfo.am|

pastinfo.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Գործը բաղկացած է 37 հատորից, որն ուսումնասիրելու համար 15 օր են տրամադրել, ինչը փաստաբանի խոսքով բավարար չէր. «Այնքանով, որքանով հնարավոր էր ծանոթանալ, ծանոթացանք և ակնհայտ էր, որ լուրջ թերություններ էին առկա, նույնիսկ տեխնիկական բնույթի։ Դեռևս ամբողջությամբ գործին չենք ծանոթացել, որ բովանդակային, ավելի խորը միջնորդություններ ներկայացնեինք, բայց ակնհայտ է, որ քրեական գործի նյութերն ըստ ժամանակագրության կցված չէին, համարակալված չէին։ Մոտ 120-130 հատորից առանձնացված է 37 հատոր, որում ակնհայտորեն ներառված են մեղադրող բնույթի ցուցմունքներ, ապացույցներ, նյութեր։ Ամբողջ գործը պետք է մեզ տրամադրեն, որպեսզի դրանում առկա մյուս ապացույցները, որոնք, մեր կարծիքով, արդարացնող ապացույցներ են, վկայակոչենք։ Մեկ տարուց ավել քննություն են արել ու առանձնացրել միայն մեղադրող բնույթի ապացույցները և դրանով ուզում են դատարան ուղարկել, ինչն ակնհայտ արդար դատաքննության, պաշտպանության իրավունքի խախտում է»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ միջնորդել են, որ իրենց տրամադրեն ամբողջ գործի նյութերը։

«Բնականաբար այս միջնորդությունները մերժվելու են։ Մեզ քիչ ժամանակ տրամադրելու նպատակն այն էր, որ չկարողանայինք բովանդակային առումով ծանոթանալ և առավել ակնհայտ խնդիրները ներկայացնեինք»,-ասաց Երեմ Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել