lragir.am: «Այսօրվա կառավարության որոշմամբ հանվել են հավաքների անցկացման սահմանափակումները։ Եվ այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով այս օրերի ակցիաներին։

Պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց․ «Դուք ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են և բարձրաձայնում են, բայց դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»։

«Ես խոստումների մասով կարող եմ ասել այն, որ եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեն հիշում, որը մենք տվել ենք և չենք իրականացրել, նույն Ամուլսարի հետ կապված»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ունի։

«Կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են՝ և այն  պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպանները, և այն բողոքների հետ կապված, որոնք Լիդիան ընկերությունն էր հայտնում կառավարության նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի, թե պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, դրանք օրենքով ու համապատասխան ընթացակարգերով պետք է իրականացվեն։

Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է, խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը դա պետք է անի։ Եթե կան այդպիսի հիմքեր, դրանք ներկայացվեն, անպայման դա կարվի»,- հավելեց փոխվարչապետը։