Ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, հարձակումներ լրագրողների վրա․ իրավիճակը Բելառուսում․ ամփոփ
09:59 - 12 օգոստոսի, 2020

Ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, հարձակումներ լրագրողների վրա․ իրավիճակը Բելառուսում․ ամփոփ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում արդեն երրորրդ օրն է, ինչ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ուժայինների միջև։ Երեքշաբթի օրը նորից կիրառվել են ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Բելառուսի պաշտոնական տվյալների՝ ցույցերից հետո ավելի քան 200 հոգի հայտնվել է հիվանդանոցներում։ Ավելի քան 2000 հոգի բերման է ենթարկվել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ ուժայինները միտումնավոր ծեծի են ենթարկում լրագրողներին և կոտրում տեսախցիկները։ 

Տելեգրամյան ընդդիմադիր ալիքները կոչ են արել օգօստոսի 11-ից սկսել անժամկետ գործադուլ։ Սակայն դեռ չկան ապացույցներ, որ մարդիկ զանգվածաբար գործադուլ են անում։

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան գնացել է Լիտվա։ Այնտեղից նա տեսաուղերձ է հղել, որտեղ հայտնում է, որ չուներ այլընտրանք։ Դրանից հետո իշխանամետ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է մեկ այլ տեսաուղերձ, որտեղ Տիխանովսկայան, ակնհայտորեն թղթից կարդալով տեքստը, կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը կարծում է, որ երկրորդ տեսաուղերձն արվել է ճնշումների ներքո և  ձայանգրվել է Բելառուսի ԿԸՀ-ում։ 

Մինսկում հարձակումներ են տեղի ունեցել լրագրողների վրա․  նրանց բերման են ենթարկել, ծեծել, խլել հիշողության կրիչներն ու կոտրել տեսախցիկները։ Մի քանի ռուս լրագրող ազատ է արձակվել և տարհանվել երկրից։

BBC-ի՝ օգոստոսի 11-ի իրադարձությունները լուսաբանող երեք լրագրողի վրա հարձակվել է «առանց տարբերանշանների ուժայինների մի խումբ»։ Այս մասին հայտնում է ալիքի ռուսական ծառայությունը։  Լրագրողներն ունեցել են համապատասխան փաստաթղթեր և թույլտվություն Բելառուսի ԱԳՆ-ից, կրել են համապատասխան տարբերակիչ հագուստ։ Ըստ BBC-ի տվյալների՝ լրագրողների վրա հարձակվողները փորձել են խլել ու կոտրել տեսախցիկները, սակայն բերման չեն ենթարկել նրանց։

Երեկ գիշեր բողոքի ակցիաները Մինսկում տեղի են ունեցել քաղաքի կենտրոնից հեռու։ Մարդիկ փորձել են բարիկադներ կառուցել, սակայն Ոստիկանության հատուկ զորքերն անմիջապես ոչնչացրել են դրանք։ Ոստիկանության հատուկ զորքերը երեկ նաև հարձակվել են մեքենաների վրա, կոտրել ապակիներն ու բերման ենթարկել վարորդներին։ 

Ուժայինները մարդկանց քշել են շենքերի բակեր և այնտեղ ծեծի ենթարկել։ Ոստիկանության հատուկ զորքերը կրակել են այն մարդկանց ուղղությամբ, որոնք իրենց տների պատշգամբներից նկարել են տեղի ունեցող իրադարձություններն ու սպառնալիքներ հնչեցրել ուժայինների հասցեին։

 

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել