Բելառուսի նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար․ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին
22:15 - 11 օգոստոսի, 2020

Բելառուսի նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար․ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որով կոչ է անում երկրի իշխանություններին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։  ԵՄ-ն ուշադիր հետևում էր ընտրություններին նախորդող իրադարձություններին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բելառուսի ժողովուրդը ցույց տվեց իր երազանքը՝ ունենալ ժողովրդավարական փոփոխություններ։ Սակայն, ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար։ 

Պետական իշխանությունները կիրառեցին անհամաչափ ու անընդունելի բռնություն, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է ու շատերը՝ վնասվածքներ ստացել։ Հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել, իսկ ճնշումները հավաքների, մամուլի ու խոսքի ազատության նկատմամբ էլ ավելի են սաստկացել։

Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ Ավելին, տեղացի դիտորդների զեկույցները վկայում են, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել այն միջազգային չափորոշիչներին, որոնց պահպանումը ակնկալվում է ԵԱՀԿ անդամ պետությունից։ Բելառուսի ժողովուրդն ավելի լավին է արժանի։ 

2015թ․ Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո երկրի ու ԵՄ միջև հարաբերությունները բարելավվեցին։ Սակայն, առանց մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ոլորտներում առաջընթացի, ԵՄ – Բելառուս հարաբերությունները կարող են միայն վատթարանալ։ Հենց այս կոնտեքստում ենք մենք գնահատելու Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ կարգավորելու առկա իրավիճակն ու խորքային վերանայելու ԵՄ հարաբերությունները Բելառուսի հետ։ Դա կարող է ներառել նաև պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնությունների, անհիմն ձերբակալությունների ու ընտրությունների արդյունքների կեղծման համար։ 

Մենք կոչ ենք անում Բելառուսի քաղաքական ղեկավարությանը ձեռնամուխ լինել ներառական երկխոսությանը հասարակության լայն շերտերի հետ՝ խուսափելու հետագա բռնություններից։ ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը հանուն ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան, բարգաված ու կայուն Բելառուսի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել