Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|
13:42 - 08 օգոստոսի, 2020

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

tert.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ իրավունքի ոլորտում միջազգային մասնագետները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետաքննության գործով իրենց սեփական զեկույցն են ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Ինչպես գրում է apsny.ge-ն, այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Հաագայից՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերում:

Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը վերջին տարիներին փորձել է մեղադրել վրաց զինվորներին ռազմական հանցագործություններ իրականացնելու համար: Նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար Վրաստանի ներկայիս իշխանություններն օգտագործում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին և Պետանվտանգության ծառայությանը:

«Վրաստանի կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ներկայացնի այնպիսի տեղեկություն, որը կմեղադրի Վրաստանի ԶՈՒ-ին և վրաց զինվորներին: Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ, Պետանվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին արել է ամեն բան, որպեսզի իրագործվեն Ռուսաստանի պլանները և որպեսզի մեղադրվեն առնվազն երկու կողմերը: Սա ճշմարտությունը թաքցնելու համար մեծ դավադրություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Զեկույցը ներկայացվել է ՄՔԴ-ի դատախազին: Ներկայում դատարանը քննում է հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես օգոստոսյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ռազմական գործողություններից առաջ ու հետո՝ 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել