Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս
13:07 - 08 օգոստոսի, 2020

Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

ՀՀ տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր: 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում:

Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով: «Հսկայածավալ աշխատանք է կատարվել, այն էլ՝ բավականին կարճ ժամանակի ընթացքում: Այն դեպքում, երբ նախկինում սովորաբար նման ծավալի աշխատանքներն իրականացվում էին մեկ-երկու տարվա ընթացքում, ճանապարհաշինական կազմակերպությունը կարողացել է երկու ամսվա ընթացքում ավարտական փուլի հասցնել շինարարությունը:

Շինարարության որակը բարձր են գնահատում նաեւ մեզ հետ համագործակցող միջազգային տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները: Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափի բնակավայրերի զարգացման համար այս ճանապարհի հիմնանորոգումը ձեռք է բերում հսկայական նշանակություն, բացի այն, որ այս ճանապարհը դառնում է Հայաստանի հյուսիսային մարզերն Արցախին կապող հիմնական ու ավելի կարճ ուղին:

Սա, իհարկե, այսօր Հայաստանում իրականացվող հսկայածավալ ճանապարհաշինության ընդամենը մի հատվածն է, քանի որ մենք մեր առջեւ 500 կիլոմետր երկարության ճանապարհների հիմնանորոգման խնդիր ենք դրել այս տարի  ու ձգտում ենք այն իրագործել ամբողջությամբ: Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում այս պահի դրությամբ դեռեւս ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ՝ նախքան ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը:

Երանոս-Ծակքար հատվածում տեսանք եւ լավ, եւ որոշակի թերացումներով ընթացող աշխատանքներ, որի համար արեցինք համապատասխան դիտողություններ: Որակի մասին հիմա վաղ է վերջնական գնահատակ տալը, սակայն մի բան պարզ է, որ իրականացված ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մի գլուխ բարձր են նախորդ տարում իրականացված աշխատանքներից եւ մի քանի գլուխ բարձր՝ ավելի վաղ ժամանակներում իրականացվածներից:

Եվ այս ոլորտում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում՝ մեր ճանապարհաշինությունը համապատասխանեցնելով միջազգային արդի չափորոշիչներին: Համոզված եմ, որ շուտով մենք կունանենք նաեւ այնպիսի ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք ոչ միայն Հայաստանում կծավալեն որակյալ ճանապարհաշինություն, այլ նաեւ կմաասնակցեն միջազգային մրցույթների եւ ճանապարհաշինական աշխատանքներ կծավալեն նաեւ այլ պետություններում»,-ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այցի արդյունքների շուրջ   ներկայացրեց իր դիտարկումները: «Մենք նախարար Պապիկյանի հետ եղանք շինարարական յոթ տեղամասերում, արեցինք դիտողություններ ու առաջարկություններ, քննարկեցինք ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծումները կտրվեն առանց ձգձգումների:

Կարելի է ասել, որ մարզում շինարարական շատ եռուն շրջան է սկսվել, որը գնալով ավելի լայն թափ կառնի օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Շատ ծրագրերի մրցույթների արդյունքներն արդեն գտնվում են ամփոփման փուլում, եւ ուրախալին այն է, որ գրեթե բոլոր մրցույթներում եղել են մասնակից ու հաղթող ճանաչված ընկերություններ: Չնայած շինարարությունների ընթացքում նկատված թերություններին՝ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մարզում ծավալված շինարարական աշխատանքների ընթացքից:

Աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկում ենք անմիջապես եւ գտնում համապատասխան լուծումները: Համոզված եմ, որ գործողության մեջ դրված բոլոր ծրագրերը մենք սահմանված ժամկետներում կավարտենք, եւ եղանակային պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել