Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին
16:37 - 07 օգոստոսի, 2020

Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Դաշնությունից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ»,- գրել է Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։

«Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան»,- նշել է պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել