ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|
13:07 - 07 օգոստոսի, 2020

ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|

tert.am: ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմ և ամբողջական վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով փաստել է, որ քրեական հանցագործություն թույլ չի տրվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների՝ քրեական գործ հարուցելու մերժմանը:

Նշված կուսակցությունները հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազություն էին դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Մինասյանը նշեց, թե երեք ուժերով որոշել են Գլխավոր դատախազություն բողոք ներկայացնել՝ քրեական գործի հարուցումը մերժելու կապակցությամբ:

«Ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ ԱԺ-ի կողմից  սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ առանց ՍԴ եզրակացության, օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին»,-նշեց Մինասյանը:

Նա նշեց, թե իրենց բողոքի հիմքում դրված է այն, որ կուսակցությունները հաղորդման մեջ մատնանշել էին մի շարք փաստեր, որոնցով ցույց էին տալիս, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը իր հանցավոր մտադրությունը, այն է՝ ՍԴ լիազորությունների զավթելը փորձել իրականացնել: «Ավագ քննիչն այս փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել, ինչը քննիչի  պարտականությունն էր»,-նշեց նա:

Դրա փոխարեն, ըստ Մինասյանի, ավագ քննիչը վերցրել է բոլոր փաստարկումներից 1-2 դրվագ, դրանցով հղում տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: «Բողոքի երկրորդ հիմքն այն է, որ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի նշված հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են և համադրելի չեն այս հոդվածներով ներկայացվող հանցակազմերի օբյեկտիվ կողմերի հետ:

Ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակում ձեռնարկվել են Սահմանադրության փոփոխությունները, և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրություններին՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր, իսկ քանի որ պատգամավորն էլ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստի նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»,-ներկայացրեց Մինասյանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել