Համավարակը ցույց տվեց, որ այլևս հնարավոր չէ աշխատողների խնդիրները դնել դարակում ու սպասել. Շուշանա Սիրականյան
20:12 - 06 օգոստոսի, 2020

Համավարակը ցույց տվեց, որ այլևս հնարավոր չէ աշխատողների խնդիրները դնել դարակում ու սպասել. Շուշանա Սիրականյան

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ արհմիությունների դերի բարձրացմանը և աշխատողների իրավունքների պաշտպանությանը միտված գործունեության, հիմնադրամի աջակցությամբ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի, Հայաստանում արհմիությունների գործունեության խոչընդոտների և մարտահրավերների, ինչպես նաև այս հարցերում պետական քաղաքականության թեմաների շուրջ զրուցել ենք հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանի հետ։ 

- Ձեր հիմնադրամը Հայաստանում արհմիութենական շարժմանը նպաստող հիմնական հարթակներից է․ ի՞նչ գործունեություն եք ծավալում այս հարցի շուրջ, հիմնադրամ-արհմիություններ համագործակցության համար ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։

- Ֆրիդրիխ Էբերտը 1925-ին ստեղծված գերմանական քաղաքական հիմնադրամ է, որը քարոզում է սոցիալ-դեմոկրատական արժեքներ՝ արդարություն, հավասարություն, սոլիդարություն։ Այն Հայաստանում գործում է 1990-ականների կեսերից, և այս ընթացքում պարբերաբար աշխատել ենք արհմիությունների հետ։ Հիմնականում համագործակցում ենք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ, ճյուղային հանրապետական միությունների հետ ենք փորձում առանձին համագործակցել, նաև այն արհմիությունների, որոնք ի սկզբանե ստեղծվել են ոչ որպես Կոնֆեդերացիայի մաս, այլ որպես անկախ արհմիություն։ Դրանք են կրթական ոլորտի աշխատակիցների արհմիությունը, Մատենադարանի արհմիությունը, որը, կարծեմ, ինչ-որ առումով հիմա ինտեգրված է Կոնֆեդերացիայի աշխատանքներում։ Հիմնական ուղենիշը, նպատակակետը, որ մեզ համար նշել ենք ու փորձում ենք համագործակցության արդյունքում հասնել, Հայաստանում արհմիությունների դերի բարձրացումն է։ Ընդ որում՝ ոչ միայն ընդհանուր գիտակցական մակարդակում, որ աշխատողը արհմիությունը դիտարկի որպես իր իրավունքների պաշտպանության օղակ, այլև օրենսդրական դաշտի բարելավման, որ լինեն այն հիմքերը, որոնք թույլ կտան արհմիությանը իսկապես գործել։ Դրանով է պայմանավորված նաև մեր հետաքրքրությունը արհմիությանը և, առհասարակ, աշխատանքային իրավունքին վերաբերող օրենսդրության զարգացմանը նպաստելուն՝ թե՛ ֆինանսապես, թե՛ փորձագետների տրամադրմամբ, ներգրավմամբ։

- Ամիսներ առաջ հենց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով՝ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթի մշակման համար: Ի՞նչ դեր ունի այս հանձնաժողովում հիմնադրամը, և ովքե՞ր են ներգրավված աշխատանքային խմբում։

- Աշխատանքային խմբում ներգրավված է վեց փորձագետ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբաններ։ Ակտիվորեն ներգրավված է նաև Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Նրանք աշխատել են բավականին երկար ժամանակ, փետրվարին արդեն ամփոփված ունեինք նախագիծը։ Աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին գրեթե ավարտված են, հետագայում գաղափար է եղել, որ մի քանի հարցերի վերաբերյալ միգուցե պետք է միջազգային փորձ ուսումնասիրվի, հիմա փորձում ենք էքսպերտ գտնել, որը հավանաբար կլինի Աշխատանքի միջազգային կազմակերպությունից։ Դրանից հետո կկարողանանք վերջնական փուլի բերել կատարված աշխատանքն ու սկսել հանրային քննարկումները։

- Տեղյա՞կ եք, թե նախագիծը մոտավորապես ինչ ժամկետներում կմտնի Ազգային ժողովի նիստերի օրակարգ։

- Անկեղծ ասած՝ ո՛չ, ինքներս էլ սպասում ենք։ Մենք գործընթացի ֆինանսավորումն ենք իրականացրել, նաև ակտիվորեն համակարգել ենք աշխատանքային խմբի աշխատանքները, ժամկետները և այլն, բայց այդ աշխատանքների ավարտից հետո գործընթացն ավելի շատ կախված է Ազգային ժողովից, այնտեղ տիրող իրավիճակից։

- Այսօր Հայաստանյան արհմիությունների գործունեության հիմնական խոչընդոտները և մարտահրավերները որո՞նք են՝ ըստ ձեր դիտարկումների։

- Նախ, կան օրենսդրական լուրջ խնդիրներ, որոնք արհմիություններին թույլ չեն տալիս ամբողջությամբ իրացվել, բայց կան նաև պատմականորեն եկած խնդիրներ՝ կառույցի հանդեպ հավատ չկա, ու նաև տեղեկացվածություն չկա։ Շատերն արհմիության անդամ են միայն թղթի վրա՝ ֆորմալ ձևով, սակայն երբեք կապ չեն հաստատում իրենց արհմիության հետ, իսկ արհմիությունն էլ իր գործունեության տեղերում այնքան ակտիվ չէ, որ մարդիկ իմանան դրա գոյության մասին։

Այսինքն՝ խնդիր ունենք թե՛ արհմիությունների դերի բարձրացման, թե՛ օրենսդրորեն այդ դերի ամրագրման ու իրեն գործիքներ տալու, որպեսզի, օրինակ, աշխատանքային վեճերի կարգավորման միակ հարթակը դատարանը չլինի, ինչը երկարատև գործընթաց է, և մարդիկ հիմնականում խուսափում են դրանից։ Այսպիսով, որպեսզի արհմիությունը ձևավորվի որպես այլընտրանք, օրենսդրական նախաձեռնություններ են պետք։ Մենք հիմա Կոնֆեդերացիայի հետ մի ծրագիր ենք իրականացնում՝ հիմնականում մարզերում գտնվող ճյուղային արհմիությունների անդամների համար, դասընթաց ենք նախաձեռնել, որ իրենք ծանոթանան աշխատանքային իրավունքներին ու ձեռք բերեն գործատուի հետ բանակցելու հմտություններ, որպեսզի կոնֆլիկտների գնալու փոխարեն՝ արհմիությանը ներգրավելով, բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքների կարողանան հասնել։ Այս դասընթացը հայտնի պատճառներով ընդհատվեց և շուտով կտեղափոխվի օնլայն հարթակ, բայց նախատեսում ենք, որ մարզերում ու ճյուղային արհմիությունների հետ աշխատանքում կրթական կոմպոնենտը պետք է պարբերաբար լինի։ Այս պահին այդ համագործակցությունը ՀԱՄԿ-ի հետ է, սակայն անկախ արհմիությունների հետ ևս չի բացառվում նման համագործակցություն, եթե նախաձեռնություն կամ գաղափար լինի։

-Մեր երկրում արհմիությունների ոչ մեծ հայտնիության ու հեղինակության պատճառներից կամ հետևանքներից մեկն էլ դրանց կազմում երիտասարդների փոքր թիվն է։ Իրազեկվածությա՞ն պակասն է հիմնական խնդիրը, որ երիտասարդները չեն միանում արհմիություններին։ Նրանց ներգրավելու, ակտիվությունը բարձրացնելու ուղղությամբ հիմնադրամն ինչ-որ քայլեր իրականացնո՞ւմ է։

- Երիտասարդներն, իրոք, քիչ են ներգրավված, իսկ դրա պատճառներն իրականում շատ են։ Վերջերս վեբինարներից մեկի ժամանակ քննարկվեց, որ երիտասարդների շատ մեծ մասը ներգրավված է սպասարկման ոլորտում, որտեղ աշխատանքը հաճախ կարճատև է, մշտական չէ, ու մարդիկ չեն հասցնում իրենց ապագան պատկերացնել այդ աշխատավայրում, որ մի բան էլ կազմակերպեն արհմիությունների հետ որոշակի համագործակցություն կամ անդամակցություն։ Մյուս հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ արհմիությունը դեռևս չի դիտարկվում որպես իրավունքների պաշտպանության հարթակ։ Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Պատճառը միայն ինֆորմացված չլինելը չէ, այլև այն, որ արհմիությունները համապատասխան գործունեությունը տարիներ շարունակ այն ծավալներով չեն  իրականացրել, որը մարդկանց հնարավորություն կտար տեղեկանալու, որ կա նման մարմին, որին ինքն անդամակցում է և խնդիրների դեպքում կարող է դիմել։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրները սրանք են՝ ինֆորմացիայի պակաս և թե՛ աշխատողի, թե՛ արհմիության կողմից ոչ բավարար գործադրված ջանքներ։ Աշխատողների մասով մի խնդիր էլ կա՝ աշխատատեղերը Հայաստանում քիչ են, մարդիկ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցը հաճախ որևէ ձևով չեն էլ դիտարկում, նախընտրում են հարմարվել եղած պայմաններին ու շարունակել այդպես աշխատել։ Այսինքն՝ խնդիրը գլոբալ սոցիալական է և ոչ թե միայն արհմիություններին, այլ ընդհանուր տնտեսակարգին, աշխատաշուկային է վերաբերում։

Իսկ ինչ վերաբերում է երիտասարդների համար ծրագրեր իրականացնելուն, նշեմ, որ, ինչպես ասացի, շուտով նախաձեռնելու ենք կրթական ծրագիր, որն ի սկզբանե նախատեսված էր հենց արհմիության անդամների համար, իսկ հիմա, իրավիճակից ելնելով, որոշել ենք տեղափոխել այն օնլայն հարթակ և ավելի մոդիֆիկացնել՝ որպես նախնական ինֆորմացիայի աղբյուր՝ արհմիությունների, աշխատանքային իրավունքների, նաև աշխատանքային վեճերի նախադեպերի և այլնի վերաբերյալ, և այն արդեն տարածում կունենա ոչ թե նեղ թիրախավորմամբ՝ միայն արհմիությունների անդամների համար, այլ կթիրախավորի հիմնականում երիտասարդներին։ Առայժմ սա ենք նախատեսում, թեև կան այլ ծրագրերի գաղափարներ, ու դրանք պարբերական են լինելու։

- Նշեցիք, որ հիմնականում Կոնֆեդերացիայի, նաև անկախ արհմիությունների հետ եք համագործակցում, այդ համագործակցությունն ի՞նչ կերպ է իրականացվում՝ դասընթացներ կազմակերպելո՞վ, թե՞ նաև ֆինանսական աջակցությամբ։

- Ֆինանսական աջակցությունը հիմնականում հիմնված է ծրագրի գաղափարի վրա։ Մենք բաց ենք շատ բազմատեսակ ծրագրերի համար ու երբեմն ինքներս ենք գաղափարներ առաջարկում՝ չսպասելով արհմիությունների առաջարկներին։ Գաղափար կա ինչ-որ ձևաչափ մտածելու, որ կարողանանք երիտասարդների համար փորձի փոխանակում իրականացնել դեպի այն երկրներ, որտեղ արհմիությունների ինստիտուտն ավելի կայացած է, որպեսզի իրենք մոտիվացվեն ու որդեգրեն հաջողված արհմիությունների գործելաոճը։ Սա, հավանաբար, մյուս տարի կիրագործվի։

Այս պահին շատ կարևորում ենք կրթական կոմպոնենտը, սակայն սահմանափակում չունենք, ցանկացած գաղափար, որը կնպաստի վերջնարդյունքին, որն արհմիությունների դերի բարձրացումն է, մենք պատրաստ ենք աջակցել։

- Ոչ միայն արհմիությունների, այլև առհասարակ աշխատողների իրավունքների պաշտանության հարցն է Հիմնադրամի առաջնահերթություններից, այս առումով ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, ի՞նչ հիմնական ուղղվածություն ունեն դրանք։

- Արհմիությունների հանդեպ հետաքրքրությունը պետք է ամբողջականապես դիտարկել հենց աշխատանքային իրավունքների ոլորտի զարգացմանը նպաստելու մեր ցանկությամբ, և դա արտացոլվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների բավական ծավալուն և արդեն պատրաստ նախագծով, որի ստեղծման վրա էլի մեր աջակցությամբ աշխատանքային խումբ է աշխատել։ Նախագիծն իրականացնում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, իրենք են համակարգում գործընթացը, որն ակտիվ փուլում է։ Ակնկալում ենք, որ հաջորդ նստաշրջանի ընթացքում կսկսվեն այդ նախագծի շուրջ քննարկումները։ Քանի որ հիմա հրապարակվել է աշխատանքային ոլորտի օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, փորձում ենք հասկանալ, թե նախագիծն ինչպես է տեղավորվում այդ հայեցակարգում, և գուցե աշխատանքները դեռ շարունակվեն։

Բացի դա, համավարակի հետ կապված պարբերաբար փոփոխություններ են իրականացվում աշխատանքային օրենսդրության մեջ, և մենք փորձում ենք հնարավորինս լուսաբանել դրանք, հոլովակներ պատրաստել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն՝ ինչ է փոխվում, և համավարակի պայմաններում ինչ հնարավորություններ ունեն՝ պաշտպանվելու տարատեսակ ապօրինություններից։

- Ակնկալվում էր, որ հեղափոխությունից հետո արհմիությունների դերի բարձրացմանը, աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին պետությունն անհամեմատ ավելի մեծ ուշադրություն կդարձնի, քան նախկինում էր: Պետական մարմինների հետ համագործակցության ձեր փորձը հաշվի առնելով՝ ըստ Ձեզ՝ վերջին երկու տարիներին այս հարցերում կա՞ պետական քաղաքականության նկատելի փոփոխություն, առաջընթաց։

- Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կա առաջընթաց, կա գիտակցումը, որ ոլորտում շատ խնդիրներ կան, ու դրանց անպայման պետք է անդրադառնալ։ Բնականաբար, առանձին պատգամավորներ, անհատներ ավելի շահագրգռված ու համագործակցային են, բայց այս պահին, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ենք աշխատում և համագործակցությունն ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում։ Փոփոխություններ անելու անհրաժեշտության գիտակցումը կա, բայց նաև միշտ կա ժամկետների խնդիր։ Օրինակ՝ աշխատանքային խումբը սկսել է աշխատել աշնանը, բայց ընթացքում օրակարգում այլ խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք աշխատանքային հարցերը մղում են երկրորդ պլան։ Բարեբախտաբար կամ դժբախտաբար, համավարակը ցույց տվեց, որ այլևս հնարավոր չէ այդ խնդիրները դնել դարակում ու սպասել․ աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ կան, որոնք հրատապ են ու անմիջապես պետք է արվեն։ Դրանք կատարվեցին, բայց գլոբալ ռեֆորմն ավելի ժամանակատար է, ու դա ինչ-որ առումով հասկանալի է։ Ամեն դեպքում, այժմ չկա այն միտումը, որ աշխատանքային ոլորտի խնդիրները չեն կարևորվում։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել