Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|
13:38 - 06 օգոստոսի, 2020

Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ ներդնել նոր Հայաստանի փիլիսոփայությունը: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 6-ի գործադիրի նիստում՝ Տավուշի մարզպետարանին նշված շինարարական աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցի քննարկման ընթացքում:

«Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում:

Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին: Անթույլատերի է, որ այդ խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը:

«Աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ ու ասեմ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից նոր պուրակ ու տուն ենք կառուցում»,- նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել