Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|
17:51 - 05 օգոստոսի, 2020

Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստը։ 

Դատական նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալ Նորայր Փանոսյանը, նրա պաշտպանները և տուժող կողմը։ Ինչ վերաբերում է նիստի լուսաբանմանը, ապա նախագահող դատավորը հայտնեց, որ նիստերի լուսաբանման հարցը կքննարկվի հետագայում՝ դատավարության բոլոր կողմերի մասնակցությամբ։

Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի կողմից դիմում է ստացել, որով նա հայտնել էր, որ ունի քրոնիկ բրոնխիալ ասթմա, իսկ ներկայումս նախնական ախտորոշվել է թոքաբորբ, ստանում է դեղորայքային բուժում և հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Փանոսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նախագահող դատավորը նաև հայտնեց, որ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։

Մեղադրող դատախազ Մարգարյանը հարգելի համարեց դատական նիստին տուժողների և ամբաստանյալի բացակայությունը, իսկ պաշտպան Մակինյանինը՝ ոչ, քանի որ մեղադրողը լրատվամիջոցներով տեսել է, թե ինչպես է պաշտպանը մասնակցում այլ քննչական գործողությունների։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ դատական նիստին չներկայանալը որևէ կերպ չի անդրադառնում այս դատական գործընթացի շարունակականության վրա, քանի որ ինքը ներկայացել է դատական նիստին՝ իրականացնելով Հրայր Թովմասյանի պաշտպանությունը։

Նախագահող դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կքննարկի Ամրամ Մակինյանի վարքագիծը։

Դատական նիստը հետաձգվեց։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին՝ հաշվի առնել, որ երեքշաբթի օրերը ՍԴ-ում նիստեր են նախատեսված, իսկ ուրբաթ օրերին՝ աշխատակարգային նիստեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել