hetq.am: Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել:
Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն:
«Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը:
Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է:
Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)