Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|
18:50 - 04 օգոստոսի, 2020

Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am: Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետի և տեղի ունեցող գործողությունների հարցին:

Օգտատերերի հիմնական հարցն այն էր, որ երկու տարին բավարար էր, որ Կառավարությունը հստակ հանգուցալուծում տար խնդրին: Պետրոսյանը համաձայնեց, որ տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում: «Բայց ես ժամանակ եմ խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային և իմ գնահատականները հնչեցնեմ ավելի ուշ, քանի որ շուրջ երկու տարվա ընթացքում ես կոմպետենտ չեմ եղել այդ խնդրին»:

Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե եթե հանքը շահագործվի, ապա պետք է բոլոր երաշխիքներն ունենանք՝ մտահոգությունների փարատման առումով: Նա շեշտեց, որ խորհրդակցելու է նաև բնապահպանական կազմակերպությունների հետ:

«Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխովորում եմ և՛ անձամբ և՛ ի պաշտոնե»:

Խոսելով այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողությունների, ակցիաների և պահնորդական թիմի կողմից Ամուլսարի պահապանների տարածք մտնելու և տնակները դուրս բերելու մասին՝ նախարարը նշեց, որ այս գործողությունները Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում, քանի որ գերատեսչության հիմնական միջամտությունը կարելի է ակնկալել հանքի շահագործման և չշահագործման հարցերում: «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել