Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
17:45 - 04 օգոստոսի, 2020

Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»

Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:։

Հայտարարությունը՝ ստորև

«Այս համապատկերում «Ժառանգություն» կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը:

Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ: Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով:

Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել