Կալիֆոռնիայի նահանգապետն ու փոխնահանգապետը դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը վանդալիզմի ենթարկելը |tert.am|
10:39 - 04 օգոստոսի, 2020

Կալիֆոռնիայի նահանգապետն ու փոխնահանգապետը դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը վանդալիզմի ենթարկելը |tert.am|

tert.am: Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի ակտը:

«Դա ուղղակի զզվելի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Կալիֆոռնիայում»,-իր թվիթերյան էջում գրել է նահանգապետը:

Միջադեպին անդրադարձել է նաև Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ նշելով, որ հայկական դպրոցի նկատմամբ հարձակումն ատելության հիմքով իրականացված հանցագործություն  է, որի դրդապատճառն Ադրբեջանի ագրեսիան է ընդդեմ Հայաստանի:

«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,-հավելել է փոխնահանգապետը:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

«Ոմանք վանդալիզմի են ենթարկել հայկական դպրոցը/հասարակական կենտրոնը։ Ես զայրացած եմ։ Դա լիովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին։ Դա նույնպես հանցագործություն է»,- գրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը՝ նշելով, որ համատեղ աշխատանք է տարվում Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության վարչության հետ՝ հետաքննություն անցկացնելու համար։

«Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել