ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն  է տարվում՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով  վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի օղակ և դրա բաղկացուցիչ դետալ:

Կատարվում է նախաքննություն։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: