Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը․ Ռոբերտ Ղուկասյան |lragir.am|
09:20 - 03 օգոստոսի, 2020

Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը․ Ռոբերտ Ղուկասյան |lragir.am|

lragir.am: Մեր զուցակիցն է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

 

- Պարո՛ն Ղուկասյան, մեկ տարի է՝ զբաղված եք համայնքների զարգացմանը խոչընդոտող խնդիրները վերհանելու գործով։ Ի՞նչ եք արձանագրել այս ընթացքում,  ի՞նչ գործոններ են խոչընդոտում համայնքների զարգացմանը։

- Առաջինային խնդիրը գյուղական բնակավայրերի ռազմավարության բացակայությունն է։ Պետական մակարդակով չկա ռազմավարական մոտեցում,  թե ինչպես ենք զարգացնելու մեր գյուղական բնակավայրերը։ Մենք ունենք մոտեցում մարզի, համայնքի վերաբերյալ, բայց առանձին, թե ինչպես պետք է զարգանան հայկական գյուղերը, ռազմավարական մոտեցում չենք ունեցել։ Եվ այդ աշխատանքով եմ ես հիմնականում զբաղվել։

Մենք արդեն ավարտում ենք ժամանակակից հայկական գյուղի ռազմավարության մշակումը, որը, եթե համավարակը չլիներ, մոտ երկու ամիս առաջ կդրվեր հանրային քննարկման։ Բայց շատ շուտով այն կդրվի քննարկման, որով մենք փորձում ենք վեր հանել խնդիրները։ Իսկ խնդիրները բազմազան են։ Կան բազմաթիվ համակարգային խնդիրներ, կան խնդիրներ, որոնք կապված են հենց այդ գոտու հետ։ Բայց առաջնային ու հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրը մեր համայնքների խմելու ջրի խնդիրն է։ Խոսքը վերաբերում է 24 ժամ խմելու ջուր ապահովելուն։ Այն մարդու հիմնարար իրավունքներից մեկն է և պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր հայի ընտանիքում՝ անկախ նրանից, թե ինքը որտեղ է գտնվում։ Եվ դրանով պետք է պայմանավորված լինի մարդու սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Իսկ ընդհանուր առմամբ մենք չունենք գոտիավորված, թե որ տարածաշրջանի գյուղական բնակավայրերը հիմնականում որ ուղղությամբ պետք է զարգանան։ Խոսքը վերաբերում է և՛ ճարտարապեական լուծումներին, և՛ սոցիալական ու տնտեսական։ Մեր ռազմավարությամբ մենք վեր են հանել այդ բոլոր խնդիրները և փորձել ենք ըստ ոլորտների տալ դրանց լուծումները՝ թե՛ կրթական ու առողջապահական ոլորտներում, թե՛ սոցիալ-տնտեսական և այլն։ Այսինքն՝ աշխատանքն իրականում մեծ ծավալներ է ընդգրկում։ Շատ հաճախ մարդկանց թվում է, թե գյուղը փոքր է, ռազմավարություն մշակելը պետք է հեշտ լինի, բայց իրականում դա մոտավորապես նույն ռազմավարությունն է, որն ունի պետությունը։

- Ռազմավարության հիմնական գաղափարը ո՞րն է, ի՞նչ ենք ակնկալում ունենալ դրա արդյունքում։

- Նպատակն է, որ մենք ունենանք ժամանակակից հայկական գյուղեր և ռազմավարական, և հայեցակարգայի առումով։ Այսօր մեր գյուղերի մեծ մասն առաջնորդվում են միջնադարյան մոդելով, երբ կարգավորված չեն ընտանի կենդանիների անցուդարձը, գյուղի ճարտարապետական տեսքը, ոչինչ կարգավորված չէ։ Ուղղակի կա խնդիր, օնլայն վիճակով այն լուծվում, է, իսկ հայեցակարգային մոտեցում ընդհանրապես չի եղել։ Հենց դա է մեր հայկական գյուղերի հիմնական խնդիրը։ Իսկ խորքային առումով մենք պետք է ամբողջական փոփոխության ենթարկենք «գյուղ» և «գյուղացի» բառերը, որպեսզի գյուղացի լինելը որևէ կերպ չդիտարկվի աղքատություն կամ խղճահարություն առաջացնող։

Մենք մի քանի հայեցակարգ ենք մշակել, ըստ այդմ՝ մեր ավանդական գյուղերը պետք է նույնությամբ մնան, որովհետև միշտ չէ, որ պետք է քանդել հինը, որ ստանալ նորը։ Երկրորդը, դրանք ԽՍՀՄ ժամանակ ինչ-որ գործարանի, արտադրամասի շուրջ ստեղծված գյուղերն են, որոնք ոչ ճարտարապետական, ոչ համայնքի տեսանկյունից գյուղեր չեն։ Եվ երրորդը, դրանք նոր գյուղերն են։ Այդ երրորդը պետք է մտցնել հնարավորինս արագ, որովհետև մենք էլ պետք է մեր խոսքն ու հետքը թողնենք պատմության մեջ։

Մենք պետք է նաև ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայկական գյուղը, ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում հայկական գյուղը։ Սա ամենակարևորն է, որի վրա շեշտադրում ենք անում։ Եվ դրա մի փոքր մասը կփորձենք ցուցադրել Տավուշի մարզի Այգեպար գյուղի թաղամասերից մեկում։ Այսինքն՝ մենք ստեղծելու ենք ժամանակակից հայկական գյուղի փողոց։ Գյուղում ապրելը դա չի նշանակում, որ դու չես ունենալու այն միջավայրը, որը թույլ կտա, որ օրինակ, երիտասարդ մայրը երեխաների ձեռքից բռնած ուղղակի քայլի և հաճույք ստանա։

- Իսկ այս ընթացքում ի՞նչ բացահայտեցիք, ինչո՞ւ է գյուղերի զարգացումը մղվել հետին պլան։

- Ինձ թվում է պատաճառը մեկն է եղել՝ բնակչության թիվը։ Մինչև այսօր հիմնական շեշտադրումը եղել է բնակչության թվի վրա, որտեղ շատ բնակիչ, այնտեղ հնարավորինս շատ աշխատանք է կատարվել, որովհետև այդ բնակչության թիվը նաև ընտրություններում ձայն ապահովելու համար է օգտագորածվել։ Ամբողջ տրամաբանությունը եղել է դա։ Եվ դա բերել է շատ բացասական հետևանքների։ Արհամարհված լինելն ուղղակի բերել է բնակավայրերից մարդկանց արտագաղթի, և ինչքան արտագաղթել են, այնքան խնդիրը խորացել է։ Մենք հիմա ունենք բազմաթիվ գյուղեր, որոնց վերականգնումը բարդ կլինի, բայց նաև այդ աշխատանքներն առաջնահերթ իրականացնելու ենք։ Եվ սա լավ հնարավորություն է մեզ համար, որ ապացուցենք, որ գյուղերը նույնքան կարևոր են, որքան քաղաքները։

 

Շարունակությունը՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել