Առաջարկվում է սահմանային էլեկտրոնային համակարգում ներառել նաև գրավի, անձնական երաշխավորության խափանման միջոցի մասին տեղեկատվություն |hetq.am|
14:08 - 31 հուլիսի, 2020

Առաջարկվում է սահմանային էլեկտրոնային համակարգում ներառել նաև գրավի, անձնական երաշխավորության խափանման միջոցի մասին տեղեկատվություն |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից, նախատեսել նաև գրավի, անձնական կամ կազմակերպության երաշխավորության խափանման միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։

Այսօր նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը:

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համակարգի շահագործման համար անհրաժեշտ են ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից է քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալը` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին:

Քրեական դատավարության օրենսգրքով՝ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից։ Ապա այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

Նույն օրենսգրքով՝ մինչեւ երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից։ Ապա այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով։

«Ներկայիս կարգավորումերով, սակայն, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ, անձնական կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների կիրառված լինելու հանգամանքը, և դրանք համակարգի շահագործման հիմք չէ։ Հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել