armenpress.am: Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած անկումից դանդաղ դուրս է գալիս, այս միտումը նկատելի է ամսական դինամիկայում:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին անկումը կհասնի մինիմումի:

Հունվար-հունիսի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7 տոկոսի նվազում: Թունյանը նկատեց, որ հունվար-մայիսի, հունվար-ապրիլի համեմատ անկման տեմպն ավելացել է: Սակայն նա շատ կարևորեց նաև ամսական դինամիկան, այսինքն` ամիսը ամսվա համեմատ տեմպը որքանով է փոփոխվել:

«Անկումը փաստացի սկսվել է մարտից: 2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նախորդ տարվա մարտի համեմատ 4.1 տոկոս էր, ապրիլին այդ անկումը խորացավ մինչև 16.3 տոկոս, որից հետո մայիսի անկումը 2019-ի մայիսի համեմատ դարձավ 12.8 տոկոս, իսկ հունիսին նախորդ հունիսի նկատմամբ ունենք 7.5 տոկոս անկում:

Այսինքն, եթե մենք նայում ենք ամսական դինամիկայով, ապրիլին ամենախորը անկումն ենք ունեցել, երբ ամենախիստ սահմանափակումների ժամանակն էր: Հիմա անկման տեմպը թուլացել է, և եթե այս դինամիկան շարունակվի, տեմպն ավելի կթուլանա, և չի բացառվում, որ վերջին եռամսյակում, այսինքն` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ամսական կտրվածքներով ունենանք տնտեսական ակտիվության վերականգնում:

Եվ այս ամսական դրական փոփոխությունները, եթե տեղի ունենան, կազդեն ընդհանուր տարեկան ցուցանիշի վրա: Սակայն, թե ինչ չափով կազդի և վերջում ինչ ցուցանիշ կունանանք, կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունն ու հակահամաճարակային իրավիճակն ինչպես կզարգանան»,-ասաց Թունյանը:

Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերին՝ պատգամավորը նկատեց, որ գրեթե բոլոր ճյուղերում նույն պատկերն է, ապրիլին եղել է խորը անկում, մայիս, հունիս ամիսներին սկսվել է որոշակի վերականգնում: Արդյունաբերության ճյուղը մյուսներից մի քիչ տարբերվում է, որովհետև արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի աճ:

Այն հունվար-հունիսին 1.5 տոկոսով աճել է, սակայն ամսական կտրվածքով, օրինակ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեռ նվազել է 2.4 տոկոսով: Թունյանը նկատեց, որ արդյունաբերության աճը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի աճի հաշվին է: Հունվար-մայիսին արդյունաբերության ընդհանուր աճը 2.4 տոկոս է եղել, այդ թվում մշակող արդյունաբերությունը մոտ 3.4 տոկոսով անկում է ապրել, բայց հանքարդյունաբերությունն աճել է 25.7 տոկոսով:

«Այս պահին Հայաստանի տնտեսության հիմնական հենարաններից մեկը մնացել է հանքարդյունաբերության ոլորտը: Ինչքան էլ որ դա դուր չգա բնապահպանական թևին կամ այլ կարծիք ունեցողներին, բայց փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այսօր ապահովում է թե հարկերի, թե երկիր մտնող արտարժույթի, թե տնտեսական ցուցանիշների զգալի մասը»,-նշեց նա:

Գյուղատնտեսության աճը հունվար-հունիսին կազմել է 1.7 տոկոս: Պատգամավորը ենթադրում է, որ դա բերքատվության կամ կառավարության կողմից գյուղատնտեսական վարկերի, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցման համար տրված արտոնությունների հետևանքն է:

Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացման գործոններից մեկը տնտեսական գործունեությունների վերաբացումն է համարում: «Եթե ի սկզբանե հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ընդհանրապես արգելվում էր, հիմա դրանք կարող են որոշակի կանոններ պահպանելով գործել:

Բացի դրանից նաև մարտ, ապրիլ ամիսներին, երբ հակաճգնաժամային փաթեթները սկսեցին մշակվել, արդեն մայիսի սկզբից մտան կյանքի մեջ՝ և գործատուներին, և առանձին ընկերություններին աջակցությունը, և սոցիալական օգնությունը, որոնք տնտեսության մեջ էլ պահանջարկ են ձևավորում»,-ասաց Թունյանն ու նկատեց, որ անկման տեմպի թուլացումը այս երկու գործոններով կարող է պայմանավորված լինել:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ամենաթարմ գնահատականներով, որը արտացոլված է 2021 թվականի բյուջեի նախագծի մեջ, այս տարվա համար կանխատեսվում է 2.6 տոկոս տնտեսական անկում: Բայց տարբեր գնահատականներ տատանվում են 2-10 տոկոսի միջակայքում, սակայն թե վերջնական թիվը որքան կլինի, Թունյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ նաև այն պատճառով, որ տնտեսական իրավիճակը սերտորեն կապված է առողջապահական իրավիճակի հետ, ամեն օր հաստատվող դեպքերի հետ:

Նա հույս հայտնեց, որ երկրին կհաջողվի, առաջիկա ամիսներին տեմպը թուլացնելով, անկումը բերել մինիմումի: Նա անգամ չբացառեց, որ երկիրը կարողանա զրոյական վիճակով դուրս գալ, բայց դա գերլավատեսական սցենարի դեպքում:

«Կարող ենք ասել, որ տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս»,-նշեց պատգամավորը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում