Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»․ ՍԴ դատավորի թեկնածու
 |armtimes.com|
19:27 - 30 հուլիսի, 2020

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»․ ՍԴ դատավորի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Շուրջ 3 ժամ տեւած քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրին ինչպես մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ այնպիսի հարցեր, որպիսիք չէին հնչել։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը։ Նրա պնդմամբ՝ այս քննարկման ժամանակ իր կողմից փորձ է կատարվել հնարավորինս անկեղծ ներկայացնել կատարված հարցադրումների վերաբերյալ իր վերաբերմունքը, մոտեցումները։ Դրանք, Ավետիսյանի կարծիքով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում՝ հետագա գործընթացների ժամանակ։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները օրեր առաջ կասկածի տակ էին դրել Վահրամ Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով, որ նրա հայրը Դավիթ Ավետիսյանը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

Անդրադառնալով այս քննադատություններին, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Իմ մոտեցումը հետեւյալն է․ ես ամենեւին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգում առկա խնդիրները, նաեւ ես չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»։ Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք միայն ենթադրությունների մասին»։ Ավետիսյանը կոչ արեց այս ամենին նայել մասնագիտական տեսանկյունից ու ներկայացրեց, որ վճիռները բեկանվում են։

«Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է անցել եւ ես չեմ պատկերացնում էդ պրոցեսների ազդեցությունը հետագայում Սահմանադրական դատարանում իմ գործունեության վրա»,- ասաց կառավարության թեկնածուն։

Հարցին, թե արդյո՞ք իրեն կընտրեն ՍԴ դատավոր, Ավետիսյանը պատասխանեց, որ կան պատգամավորներ, որոնք ունեն հստակ դիրքորոշում, իսկ կային պատգամավորներ, որոնք առանց կարծրատիպերի լսում էին ելույթն ու փորձում կարծիք ձեւավորել։ ՍԴ անդամի թեկնածուի ներկայացմամբ՝ այս հանդիպման իմաստը կայանում էր նրանում, որ շատ պատգամավորներ իր հետ ծանոթ չէին, իր հայացնքերին ծանոթ չէին, եւ հնարավորություն ունեցան ծանոթանալ իր հետ։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը հրաժարվի իր թեկնածությունից, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին հիմքեր չի տեսնում դրա համար։

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել