«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն
21:40 - 28 հուլիսի, 2020

«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել «Լիդիան»-ի կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։ Հայտարարությունը՝ ստորև․

«Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝

-Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ,
-Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները,
-Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք մուտք գործելը,
- Երեկ՝ 27․07․20 երեկոյան ժամին տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդված տարածքային ոստիկանության միջամտությամբ և դիրքապահ տղաների ձերբակալությամբ,

հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թվարկված իրադարձությունները սադրել է հանքը շահագործել ցանկացող կազմակերպությունը` համավարակի հետևանքով սահմանված արտակարգ իրավիճակի ընթացքում և հատկապես, երբ հայ-ադրբեջանական սահմանում տիրել է պատերազմական իրավիճակ,

շեշտելով նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել են 5 տասնյակից ավել ազգությամբ թուրք բաժնետերեր, պահանջում ենք ՀՀ կառավորությունից հետևյալը՝

1․ Ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։

2․ Խիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը, հետևողական լինել նրա կողմից կազմակերպված սադրանքների բացահայտմանը և պատժել օրենքի ողջ խստությամբ։

Լիդիան կազմակերպության նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն, ինչն առիթ է դառնալու հանրային մեծ ըմբոստության։

Հրապարակելով այս պահանջը, նախաձեռնությունը ակնկալում է կառավարության արագ արձագանքը գործողությունների տեսքով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել