ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը
18:42 - 28 հուլիսի, 2020

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև   ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել