Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող եւ այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն եւ անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն  (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։   

Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին եւ ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։