Հեղափոխությունը կրթության, գիտության ոլորտ չի մտել․ որտեղ ձեռքդ խփում ես՝ պրոբլեմ, ծանոթ-բարեկամական համակարգ եւ զրո վերահսկողություն․ Վահրամ Թոքմաջյան
20:40 - 27 հուլիսի, 2020

Հեղափոխությունը կրթության, գիտության ոլորտ չի մտել․ որտեղ ձեռքդ խփում ես՝ պրոբլեմ, ծանոթ-բարեկամական համակարգ եւ զրո վերահսկողություն․ Վահրամ Թոքմաջյան

2019 թվականի ապրիլին ստեղծվել է կրթության ոլորտի աշխատողների «Կրթություն եւ համերաշխություն» անկախ արհմիությունը։ Միության ծավալած գործունեության, կրթության ոլորտի աշխատակիցների խնդիրների, ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հետ։

 - Պարո՛ն Թոքմաջյան, ստեղծվելու պահին, կարծեմ, «Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը միավորում էր դպրոցների եւ նախակրթարանների ուսուցիչների, նաեւ որոշ նախաձեռնությունների անդամների։ Վերջիններիս շրջանակն այսօր ե՞ւս այդպիսին է, թե՞ նաեւ բուհերի ներկայացուցիչներ են ներառված։ Եվ եթե գաղտնի տվյալ չեք համարում, մոտավոր քանի՞ անդամ ունի արհմիությունը։

- Տվյալը գաղտնի է, գիտեք «Արհմիությունների մասին» օրենքը, բայց ունենք ակտիվություն, շարժ, հատկապես ամռան ամիսներին, ինչն ինձ համար մի փոքր զարմանալի է։ Շուտով մեր հիմնադիր խորհրդին եմ ներկայացնելու տարբեր մարզերից ստացված անդամակցության նոր դիմումները, եւ, այո՛, այդ թվում բուհերի աշխատակիցներից ունենք դիմումներ։ Ուրախալի է, որ դիմումներ ունենք նաեւ Արցախից։

Ի սկզբանե մեր նպատակը չի եղել սահմանափակվել միայն դպրոցներով, ինչպես ներկայացվում է, նպատակը եղել է միավորել կրթության ոլորտի աշխատակիցներին ընդհանրապես։ Մյուս կողմից, «Արհմիությունների մասին» օրենքը փորձում է այս հարցը կարգավորել այլ կերպ, բայց մեր կանոնադրության մեջ հստակ նշված է, որ արհմիության անդամ  կարող են լինել կրթության ոլորտի աշխատակիցները։

-  Հայաստանում գործող արհմիությունները խորհրդային մեխանիկայով են շարժվում, ամենայն հարգանքով՝ բայց ունեն ձեւական բնույթ․ սա Դուք նշել եք մեկ տարի առաջ։ Այս ընթացքում ձեր արհմիությունն ի՞նչ նոր մշակույթ է փորձել ձեւավորել հայաստանյան արհմիութենական կյանքում, եւ որքանո՞վ է, ըստ Ձեզ, դա հաջողվում։ Ի վերջո, ՀԱՄԿ-ի կազմում գործում է Կրթության եւ գիտության աշխատողների ճյուղային միությունը, ձեր արհմիությունն ինչո՞վ է տարբերվում սրանից։

 - Նախ՝ մենք Կոնֆեդերացիայի կազմում չենք գործում, օգտվել ենք օրենքի տված այն հնարավորությունից, որ արհմիությունը կարող է լինել անկախ եւ որեւէ կոնֆեդերացիայի կազմում չլինել։ Երկրորդ՝ ցանկացած արհմիության վերաբերվում ենք սոլիդարության ու գործընկերային հարաբերության սկզբունքից ելնելով։ Լավ է, որ կան այդ արհմիությունները, բայց մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների․ մարդիկ խորհրդային մեխանիկայի ուժով գիտեն, որ իրենց աշխատավարձից պահվում է որոշակի տոկոս, որը փոխանցվելու է որոշակի կազմակերպության, բայց շատ դեպքերում չգիտեն՝ իրականում ինչ է արհմիությունը, ինչին է միտված։

Մենք ամառվա ընթացքում աշխատանքային իրավունքի թեմայով բազմաթիվ վեբինարներ ենք կազմակերպել, եւ հատկապես, թե համավարակի ճգնաժամի պայմաններում ինչպես են դրսեւորվում դրանք։ Եվ գիտե՞ք՝ խոսքը միայն արհմիություններին չի վերաբերում․ Հայաստանում իրավականության, իրավունքի գիտելիքի սով կա, մեզ տալիս են ամենատարբեր հարցեր՝ սկսած երեխայի խնամքի նպաստից, վերջացրած համայնքային աշխատողների թոշակի անցնելու տարիքային շեմ-աշխատանք հարաբերակցությունից։ Սա նշանակում է, որ դաշտն ընդհանրապես բաց է, մեր իրավունքի տարրական հարցերը, որ պետք է արդեն կարգավորված լինեին, եւ մեզ թվում էր, թե մարդիկ պետք է տեղեկացված լինեին, պարզվում է՝ ոչ՛, տեղեկացված չեն։ Ամենապրիմիտիվ մի բան․ մարդիկ չգիտեն, որ դպրոցի տնօրենն իրավունք չունի ծախսելու արհմիության փողերը, եւ որ դա իր մեջ քրեական հանցագործության տարրեր է պարունակում։ Եվ երբ դրա մասին տեղեկացնում ես, զարմանում են։

Մեկ տարվա մեջ այս ոլորտում հեղափոխություն անելը շատ դժվար է, բայց մենք առաջնային խնդիր էինք դրել մեր առջեւ՝ նախեւառաջ ցույց տալու, թե ինչ է արհմիությունը, ինչ նպատակների պետք է ծառայի, ինչ է գործընկերային համերաշխությունը, ինչ է կոլեկտիվ պայմանագիրը, ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանված աշխատող, արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Եվ իրազեկման ամենատարբեր միջոցներով՝ վեբինարներով, հոլովակներով, փորձում ենք դա հասցնել գոնե մեր ոլորտի շահառուներին։ Այս առումով բավական հնչեղություն ստացել են մեր շարքերը, հատկապես եթե հաշվի առնենք մասնակիցների հայտերի քանակը, արձագանքները, նաեւ դրանց արդյունքում եկող դիմումները։ Կարծում եմ՝  լավ ու ճիշտ ուղու վրա ենք։ Հենց հիմա պատրաստվում է շատ կարճ մի հոլովակ այն մասին, թե կորոնավիրուսային համավարակի պայմաններում ուսուցիչների ինչ իրավունքներ են խախտվել։ Որեւէ մեկը չի անդրադարձել սրան։

Այս ոլորտը՝ իր բոլոր դրսեւորումներով, նման է ավգյան ախոռներին․ որքան մաքրես, այնքան ավելի մաքրելու տեղ կա՝ սկսած կառավարումից, աշխատողների տարրական իրավունքներից, վերջացրած (անցյալ տարվա իմ հարցազրույցից հատված մեջբերեցիք, ես էլ ելույթիցս հատված նշեմ) տեղային բդեշխիկների ինստիտուտները կազմաքանդելուց, որի վերաբերյալ մեր իշխանությունները, ցավոք, դեռ լոյալ հարմարվողականության քաղաքականություն են վարում։ Եվ սա չի կարող իր արտացոլումը չունենալ այս ոլորտում։  

- Արհմիության հիմնական նպատակներից մեկը համարել էիք կրթության ոլորտի աշխատողներին իրավական կարգավիճակ տալը։ Կխնդրեմ մանրամասնել՝ ի՞նչ եք հասկանում «իրավական կարգավիճակ տալ» ասելով, եւ այս ուղղությամբ քայլեր իրականացվո՞ւմ են։

- Այո՛, հիմա խորհրդակցում ենք իրավաբանի հետ եւ փորձում ենք դա բերել փաստաթղթային տեսքի։ Իսկ թե ինչ է նշանակում կարգավիճակ տալը, տեսե՛ք, ՀՀ-ում կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ քաղծառայողը պաշտպանված է որոշակի ոտնձգություններից։ Մենք ցանկանում ենք, որ լինի օրենք կամ պարտավորող նորմերի որոշակի ամբողջություն, որը կպաշտպանի կրթության ոլորտի աշխատակցի իրավունքները, եւ վերջինս, գործատուի քմահաճույքներից ելնելով, անընդհատ հարվածի տակ չի լինի։ Ամենատարածված խնդիրներից մեկը․ մարդը տասը տարի աշխատում է նույն կրթական հաստատությունում, բայց ամեն տարի նրա հետ պայմանագիր է կնքվում մեկ տարի ժամկետով։ Սա արդեն իսկ նշանակում է, որ տասը տարի նույն ոլորտում աշխատող մարդը ցանկացած հաջորդ պահի մազից է կախված։ Եվ քանի դեռ մեր Աշխատանքային օրենսգիրքն այնպիսի խայտառակ վիճակում է՝ մոտավորապես հավասարազոր է ցարական Ռուսաստանի ճորտատիրության վերացման հաջորդ տարվա միջավայրից մինչեւ Անգլիայի մանուֆակտուրային շահագործողների նորմերի վիճակին, գործատուի ձեռքերը շատ ազատ են։ Դա զսպելու կամ կանխելու մեխանիզմների առկայությունն ու մեխանիզմների պարտադրանքը պետք է գա այն մարդկանցից, որոնք հիմնական շահառուներն ու հնարավոր տուժողներն են, այսինքն՝ աշխատողները։ Այդ պաշտպանության մակարդակը նկատի ունենք, երբ ասում ենք, որ պետք է լինի կրթության ոլորտի աշխատակցի կարգավիճակի հստակ ամրագրում։

- Ավելի վաղ որպես արհմիության նպատակներից մեկն էլ նշել էիք կրթության բովանդակության մեջ ոլորտի մասնագետների մասնակցայնության մեծացումը, որ «չլինի այնպես՝ ինչ-որ պաշտոնյաներ կամ «գիտնականներ», իրենց կաբինետներում նստած, որոշեն չափորոշիչներ, թե բուհում ու դպրոցում ինչպես պետք է դասավանդել»։ Օրերս ԿԳՄՍՆ-ն քննարկման ներկայացրեց առարկայական չափորոշիչները, ձեր արհմիությունն էլ անդրադառնում է դրանց, մատնանշում խնդիրները։ Ի՞նչ արձագանք եք ստանում նախարարությունից, որքանո՞վ է քննարկումը կառուցողական, եւ որքանո՞վ են հաշվի առնում ձեր ներկայացրած դիտարկումները։

- Ի տարբերություն ինձ՝ կոլեգաներս շատ ավելի կառուցողական են այս հարցում։ Տեսանք Աղասի Մարգարյանի հոդվածը, Արման Երանոսյանի հոդվածը, Մարթա Ասատրյանի արձագանքը, որը մեր արհմիության անդամ չէ, բայց, ամեն դեպքում, կրթության ոլորտի աշխատակից է։ Տեսանք իմ ավագ գործընկեր Մարետ Սիմոնյանի արձագանքը։ Բոլորն էլ բովանդակային դաշտում էին։ Շուտով մեր արհմիության անդամների կողմից կլինեն այլ հոդվածներ եւս։

Անձամբ ես այդ պրոցեսին մասնակցել եմ բուն չափորոշիչների, հիմնական փաստաթղթի ստեղծման մասով՝ դիտարկումների մակարդակում։ Փակ խմբերում քննարկումներ են եղել, որոնցից մեկում եղել եմ նաեւ ես, ի դեպ, դա կամավորության սկզբունքով եւ զուտ խորհրդատվական է եղել։ Իմ արած բազմաթիվ դիտարկումներ ուղղվել են, մի մասը չի ընդունվել։ Սա նշանակում է, որ ունենք որոշակի փոքր առաջընթաց։ Մասնագիտականի առումով, օրինակ, Աղասիի ներկայացրած դիտողությունների մեծ մասը կարծես թե ընդունել է պատմության չափորոշիչները մշակող խումբը։

Ամեն դեպքում, ես մեկ տարի առաջ շատ ճիշտ եմ ասել, որ ինչ-որ մարդիկ, կաբինետներում նստած, ինչ-որ բաներ են գրում, որոնք երբեմն կյանքի հետ կապ չունեն։ Եվ հատկապես առարկայական չափորոշիչները եկան դա ապացուցելու։ Իմ գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, շատ շնորհակալ եմ բոլորից, մազոխիզմով չեմ տառապում, պարզապես երկու ամիս կոկորդ էինք պատռում, թե ովքեր են հեղինակները, թող առաջին պլան գան, ու, փաստորեն, մինչեւ նուրբ լարերին չես կպնում, էդ մարդիկ առաջին պլան չեն գալիս։ Ամենայն հարգանքով նրանց մասնագիտացման նկատմամբ՝ այլ բան է լինել հրաշալի մանկավարժ, դասախոս կամ գիտնական, այլ բան է աշխատել մի տեքստի հետ, որը կիրառելու է 38 հազար մարդ, եւ ուղղակիորեն տարածվելու է 380 հազար սովորող շահառուների վրա։ Չեմ ասի, թե բոլորն անորակ աշխատանք են արել, հարցը սա չէ, բայց, այո՛, եղել են նաեւ «գրդոնչիներ», որոնք միջին վիճակագրական յոթ մոր կաթ ուտողներ են, բոլոր տեղերում կան ու չեն ուտում է, այլ լափում են։ Եվ իրենք սրան վերաբերվում են ոչ թե որպես սերունդների կամ քաղաքացի հասկանալու, ընկալելու մոդել, այլ հերթական մի պատվեր են կպցրել ու մարդկանց գցել շառ ու փորձանքի մեջ։ Քննարկումների ժամանակ էլ իրենց այնպես չեզոք են պահում, որ մտածում ես՝ ա՛յ մարդ, ո՞վ է այս լուսեղեն հրեշտակը, որ երկնքից իջավ։

Ընդհանրապես, ես դեմ եմ այն փիլիսոփայությանը, որով չափորոշիչները կազմվում են։ Բայց սա առանձին թեմա է։ Այս հարցն անընդհատ բարձացնում եմ․ չափորոշչում ո՞ւր է Արմավիրում ապրող սովորողի կարիքը, Լոռիում, Գեղարքունիքում սովորողի կարիքը։ Ինչո՞վ է չափորոշիչը նպաստելու, որ արմավիրցի, գեղարքունիքցի, լոռեցի երեխան վաղը չուզենա վազել մայրաքաղաք՝ այնտեղ իր կյանքը դասավորելու, ինչպես արել ենք մենք։ Բազմաթիվ հարցեր կան նաեւ այդ չափորոշչաստեղծ խմբերի ձեւավորման, այդ գործընթացի թափանցիկության վերաբերյալ, (դա թափանցիկ չէ), իրավականության, միջոցների ներգրավման ու դրանց ծախսման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կգտնեն պատասխաններ՝ անկախ նրանից՝ լիազոր մարմինը կուզի՞ տալ դրանք, թե՞ չի ուզի։ Չեմ ուզում շատ բողոքել, մանրուքների մեջ մտնել, խոսեցինք ընդհանուր փիլիսոփայությունից։ Ամեն դեպքում, մենք մեզ լուսանցքում չենք դնելու եւ շարունակելու ենք բովանդակային քննարկումները, եւ, այո՛, եթե մարդիկ գրել են տեքստ, ուրեմն պարտավորված են գալ ու մինչեւ վերջ հիմնավորել դա։ Չի լինելու այնպես, որ դա կաբինետներում շրջանցիկ ուղիներով պտտվի, վերջում բերվի դպրոց ու ասվի՝ սրանով ենք աշխատում։ Այնպես կշպրտենք պատուհանից, որ երկու տարի ման գան՝ չեն գտնի։ 

- ԿԳՄՍՆ-ն այսօր երեւի թե ամենաշատ քննադատված նախարարությունն է Հայաստանում։ Ամեն դեպքում, եթե համեմատենք նախորդ շրջանի հետ, այժմ այս կառույցում պատկերացնո՞ւմ են կրթության ոլորտի աշխատողների խնդիրները, եւ բավարար քայլեր իրականացվո՞ւմ են ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

- Տեսե՛ք, ԿԳՄՍՆ-ն հնչում է շատ երեւութական, մինչդեռ այնտեղ իրական մարդիկ են։ Օրինակ՝ ես շատ լավ աշխատում եմ փոխնախարար տիկին Անդրեասյանի հետ, քննարկում ենք անգամ մարդու տրանսպորտի փոխհատուցման հարցը։ Չափազանց վատ է, որ այդպիսի հարցով զբաղեցնում եմ փոխնախարարին, բայց սա նշանակում է՝ երկու գերատեսչություն՝ նախարարության համապատասխան վարչությունն ու համապատասխան մարզի մարզպետարանը շատ վատ են աշխատել, որ երկու ուսուցչի տեղափոխման ծախսերը, որոնց փոխհատուցման վերաբերյալ սեւով սպիտակի վրա գրված է, պիտի հասնի փոխնախարարին։ Մյուս կողմից էլ՝ լավ է, որ փոխնախարարը մտնում է ոլորտային ամենափոքր խնդիրների մեջ։

Իսկ նախորդ կառավարության հետ համեմատելու կարիք չունեմ։ Մենք կասկածի տակ էինք դնում այդ կառավարության լեգիտիմությունը, իսկ այս իշխանությունը լեգիտիմ է՝ ուզենք դա, թե չուզենք, եւ լեգիտիմ իշխանությունից պահանջները շատ են։ Կոնկրետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այո՛, չի պատկերացնում իր գործը։ Նախ, եթե պատկերացներ, չէր հավակնի այդ «մոնսթըր» կառույցը ղեկավարելուն, կընդդիմանար ԿԳՄՍՆ դարձնելունեւ երկրորդ՝ լավ, սարքելուց հետո գոնե իր մովսեսական ցուպը մի կողմ կդներ ու կատարյալ բարձունքից իջնելով՝ կարող էր եւ լսել մարդկանց։ Ես հասկանում եմ, որ աստվածաշնչյան խոհեմությունը բնորոշ է նրան, քանի որ գալիս է դարերից եւ հավերժ է դարերով, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում այս ոլորտի հետ, շատ օրինաչափ է, որովհետեւ հեղափոխությունը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտ չի մտել, հեղափոխությունը չի մտել բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ։ Որտեղ ձեռքդ խփում ես՝ պրոբլեմ, ծանոթ-բարեկամական, պրոտեկցիոնիստական համակարգ եւ զրո վերահսկողություն։

Նույն ամբարտավան գործելաոճն է ձեռք է բերել Երեւանի քաղաքապետարանը՝ կրթության իր համակարգողներով։ Մենք էս փոփոխությունները չենք արել, որ մեկ փոխքաղաքապետի քիմքին փոխարինելու գա ուրիշ փոխքաղաքապետի քիմք։ Շնորհակալ ենք, մեզ բովանդակային փոփոխություններ են պետք։

Ոլորտից դժգոհություններն օրինաչափ են նաեւ այն առումով, որ սա ՀՀ-ի ամենաշատ շահառուներ ունեցող ոլորտն է,  եթե  բանակը մի կողմ դնենք, այստեղ մարդիկ ամեն օր առնչվում են խնդիրներին, բակում, խանութում, ամենուր էլ գիտեն ու քննարկում են դրանք։

- Նշեցիք, որ օրեր առաջ վեբինարների շարք եք իրականացրել աշխատողների իրավունքների պաշտպանության թեմայով։ Մեր կրթության ոլորտի աշխատողներին ամենաշատը ո՞ր հարցերն են հուզում։

- Շատ-շատ հարցեր, հիմնականում՝ նեղ ոլորտային՝ աշխատաժամանակի կառուցված (դպրոցներում շատերը չգիտեն, որ իրենց աշխատաժամանակը 33 ժամ է, այսինքն՝ մեր ոլորտն ունի մի փոքր արտոնություն), դրույքի կառուցվածք, թե քանի դասաժամի շուրջ է ձեւավորվում դրույքը, վճարման խնդիրներ, հեռավար կրթության առաջացրած խնդիրներ, ժամկետով կնքվող պայմանագրեր, դասաբաշխում, վարչարարություն եւ այլն։ Այսինքն՝ նեղ, լոկալ խնդիրներից սկսած՝ մինչեւ համընդհանուր համակարգային խնդիրներ հետաքրքիր են ոլորտի աշխատակիցներին, եւ այդ ցանկն անընդհատ համալրվում է։ Շուտով առավել շատ հնչող հարցերը մեր էջում կտեղադրենք՝ իրենց համապատասխան պատասխաններով։

- Ամիսներ առաջ աշխատանքային խումբ էր ստեղծվել՝ «Արհմիությունների մասին» օրենքը բարեփոխելու համար, եւ արդեն նախագիծ կա պատրաստ։ Ձեր արհմիությունը որեւէ կերպ մասնակցե՞լ է այդ քննարկումներին։

 - Քննարկումներին մասնակցում ենք, հատկապես մեր գործընկեր իրավաբանները, որոնք նաեւ այդ նույն վեբինարներն են կազմակերպում եւ աջակցում են մեզ, խոսքը Տիրուհի Նազարեթյանի եւ Նարեկ Ներսիսյանի մասին է։ Նրանց միջոցով կապի մեջ ենք։ Վերջերս քննարկում ունեցանք Նարեկի ու Սոցապ փոխնախախար Ռուբեն Սարգսյանի հետ, որի օրակարգում կար նաեւ այս հարցը։ Բայց դեռ վերջնական որոշում չենք հայտնել, արտակարգ դրությունը վերջանա՝ ընդլայնված կազմով նիստ կանենք, որ կարողանանք օրակարգ մտցնել նաեւ այդ հարցը։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել