Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր առաջարկում են դեպի Հայաստան տոմսեր. դեսպանությունը զգուշացնում է
14:58 - 27 հուլիսի, 2020

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր առաջարկում են դեպի Հայաստան տոմսեր. դեսպանությունը զգուշացնում է

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։

Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից՝ շարունակելով.

«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել