Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

19:28 - 26 հուլիսի, 2020

ԳԹԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թ․ ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բուհեր հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ երեկ ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, մրցույթի արդյունքով բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ։

«Ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը 223 է։ Նրանք հնարավորություն ունեն սեպտեմբերին՝ հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր, և այն համակարգը, որ մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ նրանք կարող են չընդունվել»,- նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիմորդներին, որոնք գերազանց գնահատական են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել։

«Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համպատասխան լուծումներ, և 6-ից արձագանքել է 4 դիմորդ․ այդ 4 դիմորդն արդեն, ըստ էության, ուսանող է»,- հայտնեց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել