Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը
 |pastinfo.am|
20:57 - 25 հուլիսի, 2020

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը |pastinfo.am|

pastinfo.am: Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմումատուները դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։

Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին Հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել էին դեռեւս հուլիսի 16-ին, սակայն առ այսօր հաղորդում ներկայացրած կուսակցությունները որոշումը չեն ստացել։ Հետեւապես դեռ չեն քննարկել այն բողոքարկելու հարցը։

Ի դեպ, որոշման օրինականությունը պետք է ստուգվի եւ հաստատվի նաեւ դատախազության կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազը քննիչի որոշումն ստացել է եւ հիմա դրա օրինականության ստուգման փուլում են գտնվում։  

Գոռ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե ինչու քննիչի որոշումը կողմերը դեռ չեն ստացել, ըստ նրա՝  քննիչի կողմից ներկայացված նյութերի համաձայն, պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանմամբ որոշումն ուղարկվել է հաղորդում տված սուբյեկտներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել