ԼՂ կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության կոչերը չեն նպաստում երկխոսության վերսկսմանը․  |civilnet.am|
10:07 - 25 հուլիսի, 2020

ԼՂ կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության կոչերը չեն նպաստում երկխոսության վերսկսմանը․ |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հուլիսի 24-ին հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ։

«Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հարաբերական կայունությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ մարտական գործողությունների ներկա կրճատումից՝ հակամարտության համապարփակ լուծման որոնմանն ուղղված լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այս զգայուն ժամանակահատվածում չափազանց կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ներառյալ քաղաքացիական բնակչությանը կամ կրիտիկական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից կամ ենթադրյալ սպառնալիքներից:

Համանախագահները նշում են, որ հրապարակային վերջին հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ ձգտում են միակողմանիորեն նոր «պայմաններ» հաստատել կամ փոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը: Համանախագահները կրկին հայտարարում են, որ տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումներից հրաժարվելու, հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու մեջ:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց երախտագիտությունն են հայտնում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական միության ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը համանախագահների հովանու ներքո, համընկել են համանախագահների ինտենսիվ միջնորդական ջանքերի հետ և աջակցել դրանց: Մենք հատուկ նշում ենք այդպիսի միջամտությունների անկողմնակալությունը, որոնք կողմերին կոչ են անում կենտրոնանալ լարվածության թուլացման վրա, այլ ոչ թե  վերջին սրացումների ամբողջ պատասխանատվությունը վերագրելով ուրիշներին։ Համանախագահները ողջունում են աճող միջազգային կոնսենսուսը, որը կոչ է անում իրավիճակի դեէսկալացիաի և բարի կամքի ոգով բանակցություններին արագ վերադառնալու՝ առանց որեւէ պայմանների:

Համանախագահները վերահաստատում են, որ 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը շարունակում են հիմք հանդիսանալ նրանց միջնորդական ջանքերի համար։ Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել առաջնորդների կամ նրանց կողմից նշանակված անձանց հետ։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել