Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել
 |armtimes.com|
22:07 - 24 հուլիսի, 2020

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել. գործի 37 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին՝ 15 օրյա ժամկետում ծանոթացման համար։ 

Հիշեցնենք՝ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն 2019 թվականից. օգոստոսի 29-ին Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր վատնում կատարելու, իսկ Կարեն Խաչատրյանին՝ միայն առանձնապես խոշոր վատնում կատարելու համար։ Հաջորդ օրը՝  օգոստոսի 30-ին, միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Գրեթե մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը մշտապես եղել է կալանաքի տակ՝ պարբերաբար  բուժում անցնելով նաեւ բժշկական կենտրոններում, իսկ Կարեն Խաչատրյանը 5-ամսյա կալանքից հետո՝ 2020 թվականի հունվարի 1-ին, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր փետրվարի 17-ին, եւ Կարեն Խաչատրյանը դարձյալ կալանավորվել էր։ Խաչատրյան եղբայրներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց պատշաճ պաշտպանություն իրականացնելու ժամանակ չի տրամադրել. «Սահմանափակվել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, քննչական պրակտիկայում ընդունված է, որ մեկ հատորի համար առնվազն մեկ օր է տրամադրվում, հիմա սա էլ չի արվում, ինչպես աղաղակող խախտումներով սկսվեց այս քրեական գործը, այդպես էլ եզրափակվում է»։ Մակինյանը նշեց, որ համապատասխան միջնորդություն են ներկայացրել քննիչին, սակայն այն չի բավարարվել. «Եվ ես համոզված ասում եմ, որ այս ծավալի գործին այդ ժամկետում խորությամբ ծանոթանալն անհնար է լինելու»։

Մեր հարցին՝ Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ այս ընթացքում քննչական նոր գործողություններ, առերեսումներ արվե՞լ են, պաշտպանը բացասական պատասխան տվեց․ «Կարեն Խաչատրյանի հետ վերջին մեկ տարում քննչական գործողություններ չեն կատարվել, բացառությամբ այն երկու դեպքերի, երբ մեղադրանքում ձեւական առումով փոխոխություններ կատարեցին, այդ ժամանակ էլ օրենքի պահանջն էր, որ հարցաքննեին»։ Պաշտպանի խոսքով՝ արված փոփոխությունները վերաբերել են ոչ թե բուն արարքին, այլ ենթադրյալ վնասի չափին։ 

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել