Քննարկվում է ԱԺ գործառույթների ընդլայնման, նախագահի լիազորությունների վերանայման հարցը |armenpress.am|
17:01 - 24 հուլիսի, 2020

Քննարկվում է ԱԺ գործառույթների ընդլայնման, նախագահի լիազորությունների վերանայման հարցը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում առանձին քննարկումներ են տեղի ունենում Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների ընդլայնման հարցով պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ։

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։

«Մասնավորապես, խոսքը խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների վերահսկողական լիազորությունների մասին է»,- ասաց Կիրակոսյանը։

Հանձնաժողովում քննարկվում են նաև նախագահի կարգավիճակին առնչվող հարցեր։

«Կարծում եմ, նաև տեսաք, որ հանձնաժողովը հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, որտեղ նախագահը ներկայացրեց իր տեսլականը և իր մտահոգությունները, կիսեց վերջին երկու տարիների իր փորձը։ Հանձնաժողովը այս քննարկումների ընթացքում նաև դա անպայման հաշվի կառնի։ Այդ տրամաբանության մեջ առանձին քննարկվում է նախագահի կարգավիճակի և լիազորությունների վերանայումը։ Որոշակի քննարկում է եղել նախագահի ընտրության վերաբերյալ, բայց այս հարցի շուրջ դեռ միասնական դիրքորոշում չունենք։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև նախագահի և պետական պաշտոնատար անձանց անձեռնմխելիության միասնական կարգավորման մոդելի հարցին։ Խոսքն ընդհանուր և ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին է։ Այս հայեցակարգի նախնական տարբերակը կունենանք օգոստոսի սկզբին և ավելի առարկայական կքննարկենք»,- ասաց Կիրակոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել