Շարմազանովի մանիպուլյատիվ Review-ն՝ Տավուշի սահմանային բախումների վերաբերյալ |fip.am|
11:59 - 24 հուլիսի, 2020

Շարմազանովի մանիպուլյատիվ Review-ն՝ Տավուշի սահմանային բախումների վերաբերյալ |fip.am|

fip.am: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 21-ին 168.am կայքի Review հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողություններին, հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք մանիպուլյատիվ են կամ չեն համապատասխանում իրականությանը։ 

«Նոր Հայաստանի» կադրեր բանակում

Մասնավորապես, Շարմազանովը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում հաջողության են հասել այն գեներալները, որոնք բանակում են տարիներ շարունակ և ծառայել են իրենց իշխանության շրջանում։ «Բանակում նոր Հայաստանի կադր չկա… գոնե գեներալիտետի շրջանում չկան քայլողներ, չկան քաղաքական կաղապարներ քարոզողներ, և քաղաքական իշխանությունը որևէ կապ չունի այս ամեն ինչի հետ»,- հայտարարել է նա։

Շարմազանովի այս հայտարարությունը թեև տրամաբանական է, սակայն նա այս փաստը ներկայացնում է այլ համատեքստում՝ փորձելով այս ռազմական հաջողությունը վերագրել իրենց իշխանությանը, մինչդեռ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ նշվում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։ 

Այսինքն՝ Զինված ուժերի հրամանատարական կազմից որևէ մեկը չի կարող որևէ իշխանության «կադր» լինել։ Եվ հետևաբար՝ Զինված ուժերի հրամանատարական կազմը չի կարելի կապել ոչ միայն այս, այլ նաև նախորդ իշխանությունների հետ։ 

Ո՞ր իշխանությունների ժամանակ են ձեռք բերվել զենքերը

Շարմազանովը հայտարարել է նաև, որ հետհեղափոխական իշխանությունները զենք են ձեռք բերել ՀՀԿ-ի կառավարման օրոք կնքված պայմանագրերի արդյունքով։ «Այսօր, երբ որ իրենք զենք և զինամթերք են բերում, էտ ու՞մ օրոք կնքված պայմանագրերով է եղել, այո, 2017 թ․-ի հոկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունված հայ-ռուսական պայմանագրի արդյունքում է, որտեղ Հայաստանին հնարավորություն է տրվում ռուսական ներքին գործարանային գներով գնել ռուսական զենք և զինամթերք»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է այս թեմային՝ պարզելով, որ գործող իշխանությունների օրոք գնված զենքի մի մասն իսկապես ձեռք է բերվել նախկին իշխանությունների օրոք կնքված պայմանագրերի հիման վրա, սակայն դա չի վերաբերում բոլոր զինատեսակների գնմանը։

Օրինակ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային համակարգերը ձեռք են բերվել 2017-ին կնքված 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում, իսկ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչները և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրները ձեռք են բերվել նոր իշխանությունների օրոք կնքված ավելի քան 80 պայմանագրերի շրջանակում: 

Ադրբեջանին դատապարտած կառույցները

Բացի սա, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «պառլամենտն անգործության է մատնված և չկա միջազգային որևէ կառույց, որը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան», և հեգնել, որ միայն Գվատեմալան է դատապարտել։ «Կա՞ մի կառույց, որը դատապարտել է Ադրբեջանի այս գործողությունները: Չկա: Կա՞ մի կառույց, որը խաղաղության կոչ է արել»,- նշել է նա։

Միջազգային հանրության կոչերը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այս անգամ, հիմնականում ուղղված են եղել երկու երկրներին՝ պահպանելու հրադադարի ռեժիմը և երկխոսություն սկսելու վերաբերյալ (ԵԱՀԿ Մինսկի խումբՀԱՊԿԱՄՆՌուսաստանՖրանսիաԵվրոպական ՄիությունըԻրանՄԱԿ և այլն)։

Միակ երկիրը, որը հասցեական դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, Կիպրոսն է։ Հատկանշական է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Կիպրոսը կրկին միակ երկիրն էր, որը  նմանատիպ հայտարարություն էր արել։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններից մի քանիսը չեն համապատասխանում իրականությանը կամ կրում են մանիպուլյատիվ բնույթ։ 

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել