Բարդ է, բայց ամեն ինչ անում ենք. Մակունցը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւի մասին |armtimes.com|
09:55 - 24 հուլիսի, 2020

Բարդ է, բայց ամեն ինչ անում ենք. Մակունցը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւի մասին |armtimes.com|

armtimes.com: Օրերս ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որում թեեւ Հայաստանի անունը չկա, սակայն այն ակնհայտ հակահայկական տարրեր է պարունակում:

Մասնավորապես, ըստ բանաձեւի՝ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որում պետք է տեղեկություններ լինեն 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված, սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ:

ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում այս բանաձեւին: Բազմաթիվ փորձագետներ սա գնահատել են շատ վտանգավոր քայլ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս բանաձեւում հավասարության նշան է դրվում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներգրավմամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ, ըստ մասնագետների, մյուս կոնֆլիկտները շատ տարբեր են ԼՂ խնդրից:

Թե ինչպես է այս բանաձեւը հայտնվել Կոնգրեսում՝ սրա հետ կապված եւս տեղեկությունները բազմազան են: Կան պնդումներ, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Ադրբեջանի անունը այդ բանաձեւում ներառելու համար 120 հազար դոլար են վճարել:

Թե ինչ է անելու հայկական կողմը բանաձեւի ընդունումը Սենատում թույլ չտալու համար՝ այդ մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ  Մակունցի հետ:

Տիկին Մակունց, վստահաբար տեղյակ եք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված 2021 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքում ներառվել է բանաձեւ, որն իր մեջ հակահայկական տարրեր է պարունակում: Խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել՝ այս բանաձեւի ընդունումը Սենատում կանխելու համար:

- Մենք, իհարկե, տեղյակ ենք եւ օպերատիվ կապի մեջ ենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ, ինչպես նաեւ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ: Պիտի նշեմ, որ նախնական տարբերակում փաթեթում ներառված են եղել մի շարք պետություններ, որոնցից են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, եւ վերջին պահին նախագիծը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելուց առաջ ադրբեջանական լոբբինգի շնորհիվ այնտեղ հայտնվել է Ադրբեջան պետության անունը: Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը,  բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր:

Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը կամ որեւէ այլ պետություն անմիջականորեն չի կարող միջամտություն ունենալ կոնգրեսում ընդունվող բանաձեւերի, որոշումների փոփոխության վրա: Այնուամենայնիվ մենք մեր բարեկամական խմբի շրջանակները եւ լիազորությունները օգտագործելով կապի մեջ ենք, հնարավորինս փորձում ենք հասկանալ, թե մեր ուժերի ներածին չափով ինչ կարող ենք անել եւ աշխատում ենք ըստ այդմ: Ինչպես գիտեք, փոփոխությունը, նախագիծը արդեն ներկայացվելու է Սենատին, Սենատը պետք է որոշում կայացնի՝ ընդունել կամ չընդունելու մասին եւ եթե ընդունի, այն արդեն դառնալու է օրենք: Ուզում եմ նորից ասել, որ այն, ինչ կախված է մեզանից եւ օրենքով հնարավոր է, որ մենք անենք, արվում է, խորհրդակցությունները եւ բանակցությունները վարում ենք: Պետք է ասեմ, որ այս ընթացքում կանխվել է  մի շարք այլ բանաձեւերի ընդունում, ինչպես նաեւ որեւէ կերպ դրանց որեւէ առաջխաղացում:

- Որքանո՞վ է հավանական, որ սա նույնպես կհաջողվի կանխել:

- Չեմ կարող ասել, դժվար է ասելը, բարդ է, որովհետեւ այն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Ենթադրում եմ, որ օգտագործելով այն հանգամանքը, թե ինչ հիմնական շեշտադրումներ են արված փոփոխությունների հիմքում, Ադրբեջանի լոբբինգը փորձել է առիթն օգտագործել նաեւ նեղ ազգային նպատակներով:

- Դուք նշեցիք, որ բանաձեւն ավելի շատ մեկնաբանվում է որպես հակառուսական, դուք աշխատելո՞ւ եք նաեւ ռուսական կողմի գործընկերների հետ՝ ուժերը համատեղելու եւ բանաձեւի ընդունումը կանխելու համար:

- Որպես հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար ես աշխատելու եմ գործընկերների հետ Կոնգրեսում՝ այնքանով որքանով հնարավոր է: Մնացյալը արդեն Արտաքին գործերի նախարարության դաշտում է եւ, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների համար պետք է դիմեք ԱԳՆ, որովհետեւ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ սահմանափակվում են խորհրդակցությունների եւ կարծիքների փոխանակմամբ:

- Մինչ արտգործնախարարությունը կհամաձայնի մեկնաբանել, խնդրում եմ ասել. տեղյա՞կ եք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն ունի փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը, իր խոսքերով, փեշով փող է տվել այս բանաձեւը ընդունելու համար: Վերցրե՞լ եք այդ փաստերը, կարիք կա՞ վերցնելու, թե՞ դուք էլ ունեք նման փաստեր: Ինչքանո՞վ սրանք կարող են օգտակար լինել:

- Մենք ունենք ամբողջ տեղեկատվությունը, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ բանաձեւին, եւ անհրաժեշտության դեպքում Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գործողություններ կիրականացնի եւ անհրաժեշտ կերպով ընթացք կտա հարցին:

- Գումարով բանաձեւ ներառելը որեւէ կերպ կարո՞ղ է դառնալ առիթ, որպեսզի հենց դա ազդի ընդունվելու վրա: Կա՞ նման փորձ:

- Չեմ կարող ասել, դա իմ դաշտում չէ: Ես նշեցի, թե մենք ինչ սահմանափակումներ ունենք, որից ելնելով մենք մի փոքր այլ շեշտադրումներով ենք աշխատում ԱՄՆ կոնգրեսականների հետ: Հայաստանի բարեկամ կոնգրեսականների հետ մենք խոսում ենք հենց Հայաստանի շահերից բխող շեշտադրումներ անելով:  Մնացյալը ավելի լայն ասպեկտով մեկնաբանելու համար պիտի նորից խնդրեմ դիմեք արտգործնախարարություն: Միեւնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մենք ունենք ամբողջ տեղեկատվական փաթեթը:

- Տիկին Մակունց, նույն փոփոխությունների փաթեթում ընդունվեց կոնգրեսական Ֆրանկ Փալլոնիի բանաձեւը, որը թափանցիկ է դարձնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: ԻՆչքանո՞վ է սա կարեւոր Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, որ 2018-ից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն է տվել:

- Շնորհակալություն հարցի համար, սա շատ կարեւոր նախագիծ է, որը թույլ է տալու ի թիվս այլ երկրների նաեւ Ադրբեջանի նկատմամբ կիրառել վերահսկողական գործիքներ եւ գործընթացը դառնալու է հնարավորինս թափանցիկ: Դա հնարավորություն կտա վերահսկել, թե այն աջակցությունը, որը տրամադրվում է Ադրբեջանին՝ օգտագործվո՞ւմ է Հայաստանի դեմ, թե՞ ոչ: Ես կարծում եմ հետագայում դրան կհետեւեն այլ նախագծեր ամերիկացի գործընկերների կողմից, բայց սա շատ կարեւոր քայլ էր, որն իհարկե ողջունելի է եւ Հայաստանի համար բարենպաստ: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել