Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան
13:54 - 23 հուլիսի, 2020

Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Զ․ Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեւանա լճի կանաչելու խնդրին։

Նախապես նշելով, որ ինքը բնապահպանական հարցերից չի հասկանում՝ Սարգսյանը գրառման մեջ մի այսպիսի հարց է հնչեցրել․ «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում եւ գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։

Սարգսյանը շարունակել է, թե՝ չեն անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, ակնարկելով, որ ամիսներով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները՝ իր խոսքով՝ բնապահպանները, այդ պայքարի համար գումար են ստանում․ 

«Իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը՝ վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»,- եզրափակել է նախկին վարչապետը։

Infocom․am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է, թե որքանով են Արամ Զավենի Սարգսյանի գրառման մեջ տեղ գտած պնդումները համապատասխանում իրականությանը եւ թե ինչ մանիպուլյացիոն երանգներ ունեն դրանք։

Ամուլսարի պահպանման համար պայքարողները․ բնակի՞չ, թե՞ բնապահպան

Արամ Սարգսյանն իր գրառման մեջ դիմել է, իր բնորոշմամբ, «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ»»-ին՝ ակնարկելով, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ գումար են ստանում դրա համար։

Նախ հարկ է նշել, որ չնայած Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված են նաեւ իրենց բնապահպան դիրքավորող մի շարք խմբեր եւ անհատներ, սակայն հենց հանքի շրջակայքում պայքար իրականացնողներն ու ճանապարհներ փակողները ազդակիր համայնքների բնակիչներն են։ 

2018 թվականի մայիսի 19-ին քաղաքացիները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները։ 4 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհները բացելուց հետո ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի տարածքում որեւէ շինարարական աշխատանք եւ հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, որոնք իրավական եւ բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:

Բնակիչները հայտնել էին, որ դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: 

Արդեն հունիսի սկզբին Ջերմուկ քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Ամուլսար տանող ճանապարհն ու ավելի քան տասը օր թույլ չէին տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակեր հանքի կառուցման աշխատանքները: Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը նկատել էր՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու՝ վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։ Ցուցարար մեկ այլ բնակիչ էլ ասել էր, որ աշխատանքների ընթացքում ընկերությունը ջրատար խողովակ էր վնասեր, դրա պատճառով էլ ցեխաջրերը լցվել էին համայնք։

2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: 

2019 թվականի օգոստոսին՝ շուրջ 1 տարի անց, երբ արդեն հայտնի էին ELARD-ի փորձաքննության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում էին իրենց բողոքի ակցիաները՝ պնդելով, որ հանքը չպետք է շահագործվի։

Ջերմուկցիներից մեկը Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իրենց հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. իրենց կբանակցեն միայն հանքի փակման համար։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշել էր, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։ 

Ընդ որում, այդ շրջանում Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ պատժամիջոցներ էր իրականացնում, ինչի վերաբերյալ հայտարարություն էին տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ մի խումբ իրավապաշտպաններ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ շուրջ 1500 բնակիչ ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրել էր այցելել տներ եւ ակցիային չմասնակցող բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ ջերմուկցի չէր հանդիպել։

Փաշինյանը նաեւ ելույթ էր ունեցել Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ եւս տարաձայնություններ էր ունեցել Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ եւս հիշեցրել էին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի էր ունեցել առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացել էին իրենց դիրքորոշմանը։

Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաեւ Սարավան եւ Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ եւ դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան եւ Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 եւ 478 բնակիչ, իսկ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 եւ 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am

Ջերմուկցիներն այսօր էլ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարները։ Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է խնդրի լուծման այլ ելքեր փնտրի։

Սակայն, փաստորեն, Արամ Սարգսյանը չի նշել, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարուն են հենց տեղի բնակիչները, այլ ոչ թե բնապահպանները, իսկ բնակիչներն իրենց երբեք որպես բնապահպան չեն դիրքավորել։


Բնապահպանները Սեւանի համար

Թեեւ Սեւանա լճի խնդիրներով պետք է զբաղվի պետությունը՝ համապատասխան գերատեսչություններով ու կառույցներով, այնուամենայնիվ անհատ բնապահպանները կամ բնապահպանական խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, հնարավոր լուծումներ առաջարկել, ինչը կամ անտեղյակության պատճառով կամ էլ միտումնավոր՝ չի նկատել Արամ Սարգսյանը։

Այսպես, 2010 թվականի հուլիսին, երբ Սեւանա լճի մակարդակը հասել էր 1899մ-ի, տասնյակ շինություններ, Սեւանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ մնացել էին ջրի տակ։

Այդ ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել, եւ հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը:

2011 թվականի նոյեմբերին բնապահպաններն ահազանգեցին, որ Սեւանը բնապահպանական աղետի եզրին է․ շարունակում էր շահագործվել Սոթքի հանքը։ 

Թեեւ բնապահպաններին 2009թ.-ին հաջողվել էր կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն 2011-ի մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին օրենքը» եւ չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանա լճի աղտոտման եւ հանքավայրի ազդեցության մասին, հայտարարել էր, որ Բնապահպանության նախարարությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.-ից: Սանասարյանն ընդգծել էր, որ Սեւանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է:

Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրել էր, որ մի քանի անգամ եղել է Սեւանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր եւ նյութեր, որոնք Սոթք գետով լցվում են լիճ։

Ի դեպ, այդ շրջանում բնապահպանները հետեւողականորեն զբաղվում էին հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․ մտահոգություն կար, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի: 

2012 թվականի նոյեմբերին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց, որ Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ, եւ բացի կոյուղաջրերը՝ Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ։

Բնապահպանն այդ ժամանակ կարծիք հայտնեց, որ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է․ այդ տարի լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը, Զարաֆյանի պնդմամբ, հիմնավորված չէր, եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել էր:

2014 թվականին Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգել էին, որ կառավարության 2 նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը։ Նախագծերից առաջինը վերաբերում էր լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում էր մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել էր «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում էր Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով: 

Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերի թեմայով 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել, որին ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրել էին Սեւանա լճի համար օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` կառավարությունը ծրագիրը մշակել էր առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշել էին, որ  Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում (արդեն վերանորոգվել է,- հեղ․), Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեին, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվեր նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովել: 

2016 թվականի մայիսին բնասերների մի խումբ նախաձեռնել եւ իրականացրել էր համաՍեւանյան աղբահավաք՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն եղել տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բնապահպանական կազմակերպություններ, արշավական խմբեր, ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սեւան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։

2017 թվականին «Հայկական բնապահպանական ճակատն» ու մի շարք բնապահպանական կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացրել էին միջազգային անկախ փորձագետների իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ 

Դիմումի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, եւ բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաեւ Սեւանա լիճը։ 

Բնապահպանական հկ-ները շեշտել էին, որ պետք է հաշվի առնել՝ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել լճի, նրա որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված): 

2018 թվականի օգոստոսին բնապահպանները հայտարարել էին, որ Սեւանա լիճն այդ տարի հայտնվել է աղետալի վիճակում եւ ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեեւ, ըստ կոմիտեի, դա կօգներ խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն, բնապահպանների կարծիքով, Սեւանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։

Նույն շրջանում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտել էր, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սեւանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացրել, որ հասկանալի լինի՝ այդ ջուրն ինչի համար եւ ուր է գնում։ Զարաֆյանը տեղեկացրել էր «S.O.S. Սեւան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սեւանի բոլոր համայնքները, նաեւ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, այդ ջուրը տեղ հասնում է, թե ոչ։

2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր ծավալուն հոդված՝ մանրամասն անդրադառնալով Սեւանի ջրի մակարդակի բնականոն աճի խաթարման խնդրին, առաջարկելով հնարավոր լուծումներ։ Հոդվածում նախանշվել էր, որ Սեւանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատեւման երաշխիքը եղել եւ մնում է նրա մակարդակի շարունակական եւ անշեղ բարձրացումը՝ առանց զարտուղի եւ դավադիր ուղիներով  նրա մակարդակի բնականոն աճի կասեցման՝ մի խումբ ապազգային, անհայրենիք, իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։ 

Նախորդ տարի՝ 2019-ին, լճի ծաղկելու խնդիրը դարձյալ անտարբեր չի թողել բնապահպաններին։ Բնապահպանների հիմնական քննադատությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ոչինչ չի արել ամեն տարի առաջացող այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին, նա նշել էր, որ Սեւանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբեւէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․

«Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երեւույթներին, այլեւ կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սեւան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սեւանա լճում, եւ պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»:


Ամուլսարից՝ Սեւան

Արամ Սարգսյանը պնդում է արել, ըստ որի՝ «հայրենասեր բնապահպանները» Սեւանի համար չեն պայքարում, որովհետեւ, գումար չեն ստանում դրա դիմաց, իսկ ահա Ամուլսարի դեպքում՝ հակառակը։

Իրականում, ինչ-որ չափով նաեւ Ամուլսարի շահագործումն է Սեւանա լճին սպառնացող վտանգ հանդիսանում։ Եւ սա արդեն պնդում են ոչ թե բնապահպանները, ոչ թե տեղի բնակիչները, այլեւ վերը հիշատակված ELARD-ի փորձագետները։

Ի սկզբանե, երբ պատվիրվել է այս փորձաքննությունը, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։

Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։ 

Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։

Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։

Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն,  միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել ազբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։

Ովքե՞ր են գումարով բնապահպան աշխատողները

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այս երկու տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հանրային-քաղաքական գործիչը այդ պայքարի մասնակիցներին ներկայացնում է որպես որեւէ տեղից գումար ստացող բնապահպաններ։

2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանն էր մի այդպիսի հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե կան ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է, բայց, ըստ իրեն, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի:

Այս հայտարարության վերաբերյալ բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել էր դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջ են ներկայացրել, որպեսզի հերքի այդ տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորվում են: Դատարանը, սակայն, որոշել էր մերժել քաղաքացիական գործով հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին։

Նույն հարցը տվեցինք Արամ Սարգսյանին․ ո՞ւմ է նկատի ունեցել եւ արդյոք իր պնդման վերաբերյալ փաստական հիմքեր ունի՞։ Սարգսյանը եւս պատասխանեց, որ իր գրառումը հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։

 

Սեւանա լճի խնդրի արմատները

Սեւանա լճի ծաղկման գործընթացը նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվել է դեռեւս 1930-ականներին՝ էներգիայի արտադրության եւ ոռոգման համար ջրի անխնա օգտագործման պատճառով։ Թերեւս, մասնագիտական շրջանակներից, բնապահպաններից ու տեղացիներից բացի՝ հանրության մի ստվար զանգվածի եւս հայտնի է, որ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վատթարացել է հատկապես վերջին տասնամյակներին։ Դրա համար հիմք են հանդիսացել ջրի մակարդակի իջեցումը, թունաքիմիկատների եւ օրգանական նյութերի հոսքը, անթրոպոգեն բացասական ազդեցությունը՝ լճի հարուստ կենսաբազմազանության վրա եւ այլն։

Լճի ջրի կորուստն առաջ է բերել ադապտացիոն ներուժի կրճատման, օրգանական նյութերի հանքայնացման, լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների ու ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտման, ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման:

Այս գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ճահճացման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4°C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը, քանի որ այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Բայց երբ ջրի ծավալը եւ խորությունը նվազում է, այդ պաշտպանիչ շերտը վերանում է, լիճը սկսում է ճահճանալ: 

Վերջին տարիներին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափի թեման մշտապես արդիական է եղել։ Օրինակ, 2015 թվականին Սեւանից իրականացվելիք ջրառի չափաքանակ է սահմանվել շուրջ 170.0 մլն խոր. մետր, 2016 թվականին՝ դարձյալ նույնքան, 2017 թվաքանին ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 270.0 մլն խոր. մետր, 2018 թվականին՝ 170, 2019-ին՝ նույնքան։ 2019 թվականին Սեւանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է եղել վերջին 5 տարիների ընթացքում․ նոյեմբերի 1-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56,076 մլն խմ-ով: ՀՀ կառավարության 06.06.2019թ «Ոռոգման նպատակով 2019թ Սեւանա լճից ջրառի մասին» N698-Ա որոշմամբ սահմանված մինչեւ 170 մլն խմ ջրառի չափաքանակից պակաս է բաց թողնվել 26,140 մլն խմ-ով։

 

Պետությունը Սեւանի համար

2017 թվականի վերջի դրությամբ, (վերջին 5 տարիների ընթացքում Սեւանից ջրառի ամենամեծ չափաքանակն է նախատեսվել հենց 2017-ին) Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ (1900.46մ) նվազել է 0.04մ-ով: 

2017 թվականի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270մլն խմ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2017-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրածածկ անտառտնկարկներով տարածքներից մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա-ը՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ՊՈԱԿ-ի կողմից, 14,1 հա՝ ֆիզիկական անձանց կողմից՝ ՊՈԱԿ-ի հետ կնքված ջրածածկ անտառների մաքրման պայմանագրերով։

2017 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով պարկի տարածքում իրականացվել են 8.48 հա անտառավերականգնման աշխատանքներ: 

ՀՀ կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 որոշմամբ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի, վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման՝ 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը։ 

Ծրագրով նախատեսվում էր բարելավել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգը, անտառմաքրման աշխատանքներ իրականացնել լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում, նոր անտառշերտ հիմնել լճի շրջակայքում, իրականացնել ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքներ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, կենդանական ռեսուրսների հաշվառում անել լճի եւ դրա ջրահավաք ավազանում, սահմանել օգտագործամն թույլատրելի չափաքանակներ, մաքրել լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերը, համալրել ձկան պաշարները, կանխել ապօրինի աղբավայրերի գոյացման ընթացքը եւ այլն։

Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի ընթացքում Սեւանա լճի վիճակը վատթարացել է: Նշված է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ են հանդիասանում լճի ջրի տաքացումը եւ լճում կենսածին տարրերի, հատկապես, ֆոսֆորի առկայությունը: Բացի այս՝ լճի աղտոտման հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց կենսաբանական մաքրման արտահոսքերը Սեւանի ՋԿՏ-ի գետեր կամ անմիջապես Սեւանա լիճ:

2019թ. «Անտառային մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է 1901.5 բացարձակ նիշն ընկած տարածքների մանրամասն ուսումնասիրություններ եւ գնահատում, ինչպես նաեւ ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Փաստաթղթի համաձայն՝ նախարարության եւ «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված 2019-2021 թվականների համար Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված էր 2019 թվականին մաքրել ընդհանուր 98 հա տարածք, որից 4-ը՝ ջրածածկ։ Լիարժեք մաքրված տարածքները կազմում են շուրջ 30 հա, եւս 50 հա անտառածածկ տարածքներում հիմնականում ավարտվել են ծառերի, թփերի հատման աշխատանքները։ Անտառածածկ տարածքների աննախադեպ խտությունը, անկանխատեսելի խորությամբ ճահճուտները, եղանակային անբարենպաստ պայմանները նախատեսվածից ավելի կոճղերի առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար։

Ի դեպ՝ 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, որով բացառել է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառ իրականացնելու հնարավորությունը: Կառավարությունն այսուհետ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորության համար կարող է դիմել միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։ 

2019 թվականի հունիսին ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանի եւ վերը նշված մի շարք բացասական գործոնների համադրության արդյունքում Սեւանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում, բայց նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն եւ կնվազեն աղտոտումները։ 

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է խնդիրը, երկրորդ փուլն են սկսում։ ՇՄ նախկին նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ է՝ կեղտաջրերը չպետք է լցվեն Սեւան, մաքրման կայաններ պետք է լինեն, մաքրվեն ջրի տակ մնացած բուսական հատվածները, եւ այլն։ Նախարարությունը վստահեցրել էր, որ մինչեւ 2021-ը 770 հա տարածք կմաքրվի, մինչդեռ նախկինում տարեկան 80հա պլանային մաքրումներ էին նախատեսված։ 

Օրեր անց՝ հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: 

Երեկ արդեն՝ հուլիսի 21-ին, ՇՄ նախարարությունը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

Բացի այդ՝ սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները, եւ, ըստ նախարարության հայտարարության, համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Իսկ մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

ՇՄ-ն հավելել է, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։


Այսպիսով, Արամ Սարգսյանի գրառումը մանիպուլյատիվ ու խնդրահարույց պնդումներ է պարունակում․ քաղաքական գործիչը, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե ՌԴ-ից օրավարձով գումար ստացող բնապահպաններն են փակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, այնինչ բազմաթիվ են վկայությունները, այդ թվում՝ վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի տեսքով, որ հանքի շահագործմանը դեմ են տեղի ու հարակից համայնքների բնակիչները, որոնք իրենց երբեւէ չեն ներկայացրել որպես բնապահպան։ Իսկ բնապահպաններն իրենց՝ գումարով ակցիա անելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունից հետո վերջինիս դեմ դատական հայց էին ներկայացրել՝ զրպարտության համար։ Ինչպես Ավինյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը, մինչ այս պահը որեւէ փաստ չեն ներկայացրել բնապահպանների՝ որեւէ տեղից ֆինանսավորվելու մասին։

Հաջորդիվ, Սարգսյանը պնդել է, որ բնապահպանները Սեւանի հարցով լռել են, քանի որ դրա համար գումար չեն ստացել։ Սակայն, ինչպես արդեն ներկայացրինք, բնապահպանները դեռ 2000-ականներից են ահազանգում Սեւանա լճի խնդիրների մասին։ Բացի այդ, նախկինում Սոթքի, այսօր արդեն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր խնդիրների մասին խոսելիս բնապահպանները ինքնըստինքյան խոսում են ի շահ Սեւանա լճի, մանավանդ, ինչպես նշված է ELARD-ի փորձաքննության մեջ, երկրաշարժի դեպքում Ամուլսարի հանքից թունավոր նյութեր կարող են լցվել լիճ՝ այս անգամ Կեչուտի ջրամբարով։

Հավելենք նաեւ, որ երեկ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի գրառման վերաբերյալ՝ ներկայացնելով, թե վերջինս ինչ կապ ունի Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ըստ հրապարակման՝ վերջին շրջանում Ամուլսարում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորումները ներկայացել են «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ, իսկ այս ընկերությունը համագործակցում է «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է, որն էլ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում էր։

Ի վերջո, եթե նույնիսկ բնապահպաններ կամ բնապահպանական խմբեր չլինեն, պետության տարածքում էկոլոգիական խնդիրները կանխում կամ լուծում են կառավարությունները՝ համապատասխան գերատեսչություններով, եւ բացի անհատական-քաղաքացիական պատասխանատավությունից՝ որեւէ մեկը այլ պարտավորություն չունի ամեն օր հայտարարել, որ Սեւանա լիճը ծաղկում է, վերջնակետը ճահճացումն է, եւ այլն, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն կամ որոշեն լուծել հարցը։ 

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է։

Հայարփի Բաղդասարյան, Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել