Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են
19:08 - 22 հուլիսի, 2020

Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի ընդունելության քննությունները հունիսի առաջին տասնօրյակի փոխարեն անցկացվեցին հուլիսի առաջին տասնօրյակում։

Բացի քննությունների ժամկետների հետաձգումը՝ փոփոխություններ կատարվեցին նաև քննական առարկաների հետ կապված. դիմորդները պետք է հանձնեին մեկ քննություն՝ նախորդ տարիների մի քանիսի փոխարեն: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեկ քննության նպատակը ոչ միայն դիմորդների ատեստատների գնահատակնները, այլ նաև նրանց գիտելիքները ստուգելն էր։

Նախորդ ամիս արդեն հրապարակվեց բուհերի բակալավրի և անընդհատ ու ինտեգրված կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը:

Հայտագրումը կատարվեց էլէկտրոնային եղանակով, որի միջոցով դիմորդները միաժամանակ ընտրում էին թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը:

«Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց dimord.am կայքի հայտագրման բաժինը, և, ըստ էության, կորոնավիրուսային այս համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ համակարգը հեշտացված է, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան։

Կայքում էլ առկա էր տեսանյութ, որը դիմորդներին ծանոթացնում էր առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման գործընթացին:

Սակայն հուլիսի 18-ից հետո, երբ արդեն ավարտվել էին քննություններն ու անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվել էին, դիմորդները և նրանց ծնողները սկսեցին բողոքել քննությունների արդյունքներից՝ մասնավորապես նշելով, որ ավելի ցածր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել են տվյալ բաժիններ, իսկ համեմատաբար բարձր միավորներ հավաքածները՝ ոչ: 

Երեկվանից բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, որն այսօր էլ շարունակվում է։

Թե ինչու են ավելի բարձր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել համալսարաններ՝ հայտադիմումի մեջ նշված 3-4 մասնագիտություններով, կամ ընդհանրապես չեն ընդունվել, ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ այս տարվա հայտերի լրացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ առաջնահերթությունը տրվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված առաջին մասնագիտությանը.

«Մասնագիտական կողմնորոշումն այս տարի կարևորվեց, և առաջին հայտի գերակայությունը գործեց ոչ միայն անվճար, այլև վճարովի տեղերի համար:

Դիմորդը մասնակցում է մրցույթին՝ առաջին հայտով նշած  մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն բավարարում,  ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը: Եթե մեկը մանկուց երազել է մի մասնագիտություն ստանալ, ինքն անպայման դրական միավորներ ստանալու դեպքում պետք է հնարավորություն ունենա ընդունվել համալսարան՝ հենց այդ մասնագիտությամբ: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը, որը մասնագիտությունը հայտագրել է 2-3 հայտով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմորդի համար առաջնային պետք է լինի ոչ թե բարձրագույն կրթություն ստանալը, այլ հենց իր երազած մասնագետը դառնալը: 

Այս մասին ասված էր նաև ԿԳՄՍ նախարարության հրապարակած 2020-2021թթ.  ուսումնական տարվա ընդունելության սկզբունքների մեջ, որտեղ նշված էր, որ առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ որ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար ու վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։

Հարցին՝ արդյոք դիմորդները պատշաճ իրազեկվե՞լ են փոփոխությունների մասին, ԳԹԿ մամուլի պատասխանատուն ասաց, որ ոչ միայն հայտը լրացնելիս ընդունելության կարգի մեջ է նշված եղել, այլ նաեւ տեղադրված իրազեկող տեսանյութի միջոցով են տեղյակ պահել դիմորդներին և նրանց ծնողներին:

Մեր զրուցակիցը նկատեց, որ նախորդ տարիներին, երբ դիմորդները բուհում էին հանձնում փաստաթղթերը, իրենց ներկայացվում էր քննակարգը, ծանոթանում, ստորագրում էին, իսկ այս տարի առցանց կարող էին հայտագրվել միայն այն դեպքում, երբ  քննակարգին կծանոթանային, V-աձեւ նշանը կդնեին։

«Այլ բան է, որ մարդիկ դրան ուշադրություն չեն դարձրել, գուցե չեն կարևորել: Բացի դրանից՝ առցանց հայտագրման մասին դիմորդների, նրանց ծնողների համար տեսահոլովակ է պատրաստվել ու եթեր գնացել»,- ասաց Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը, որ հիշյալ տեսահոլովակում այս էական փոփոխության մասին չի ասվում, վերջինս պնդեց, որ այդ մասին ասված է՝ առաջին հայտի գերակայությությունը գործում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար․

«Նախորդ տարիներին միայն անվճարի համար է գործել, բայց այս տարի նաև վճարովի տեղերի: Այսինքն, եթե դիմորդը մասնակցում է մրցույթին առաջին հայտով նշած իր մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն հերիքում, ինքն ավտոմատ մասնակցում է նաև նույն մասնագիտության վճարովի մրցույթին, դա այս տարվա նորությունն էր»:

Գրիգորյանի խոսքով՝ ամեն կառույց իր հերթին ամեն տարվա քննական գործընթացից հետո հետևություններ է անում: Նրա դիտարկմամբ՝ մասնագետների կարծիքներ կարող են լինել, որ ափսոս են դիմորդների ստացած միավորները, որոնք անհամեմատ ավելի բարձր են, բայց նաև մեծ մասին կարծիքն այն է, որ մասնագիտական կողմնորոշումը կարևոր է:

Իսկ ինչ վերաբերում է դիմորդների ծնողների մատնանշած մնացած խնդիրներին՝ ցուցակներում անունների կրկնության, եկող մի քանի նամակների, դրանց իրարամեժության վերաբերյալ, բացատրեցին, որ տեխնիկական խնդիրներ են:

Դիմորդների պահանջի՝ նոր տեղեր ավելացնելու վերաբերյալ էլ ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ իրենք ուղղակի կազմակերպում են քննությունները, իսկ տեղեր ավելացնելու կամ չավելացնելու, ինչպես նաև դրանց հիմնավորումների մասին որոշումներ պետք է ընդունի նախարարությունը: 

Իսկ ահա ԿԳՄՍՆ-ից այս հարցին դեռեւս պատասխան չունեն։

Նշենք, որ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից ստացած դիմում-բողոքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների համար տեղերի ավելացման և այլ հարցերով: 

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել