Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Վերջինս տեղեկացրեց․

«Այսօր ստեղծվել է ևս մեկ համաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որովհետև հերետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները։ 

Ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում ենք տարբեր հասարակական կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում։ Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ։ 

Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին մենք ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները։

Գույքագրման և հաշվարկման գործընթացները ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը մենք կավարտենք մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև մենք հայտարարել ենք, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտնեի։ Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ»։