ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ
22:44 - 18 հուլիսի, 2020

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ ԼՂ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղեկատվության տրամադրումը, որը տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակ նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում։ Այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու կարիք դեռևս չկա»։

Նա նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում, մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ, շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով։

Մեկնաբանելով Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցը՝ Աննա Նաղդալյանն ասաց․ «Զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Եվ իրադարձությունները, որ տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, բավական հաստացրին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Այս հարցը մշտապես լինելու մեր օրակարգի բաղկացուցիչ մասը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»։

Նա նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում 2018-ին ստեղծված օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս  վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով։

«Ադրբեջանի գործողությունները կամ, կարելի է ասել, մեղադրանքները կրում են բացառապես մանիպուլյատիվ բնույթ, քանի որ մի կողմից Ադրբեջանը փորձում է ուժ կիրառել, մյուս կողմից իրեն ու իր գազամուղները փորձում է ներկայացնել որպես զոհ։ Հայաստանը միշտ հանդես է գալիս պատերազմի դեմ, Հայաստանը միշտ հանդես է գալիս հրադադարի ամրապնդման դիրքերից և մշտապես պատրաստ է իրականացնել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլեր տարբեր հատվածներում»,-ասաց ԱԳՆ խոսնակը։

Պատասխանելով Ադրբեջանում ԱԳ նախարարի փոփոխության վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ընդունել են ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայումս զբաղեցնում է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը։

«Բայց մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը բանակցություններ  է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հավելել է նա։

Մեկնաբանելով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը՝ Նաղդալյանը նշեց․ «Մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդլայնումը։ Այն փաստի մասին, որ մոնիթորինգային աշխատանքները պետք է ընդլայնվեն, նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Նորից ասեմ, որ այդ աշխատանքների դադարեցումը կապված է աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել