ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը, որը հրապարակված է նաև Դիանա Գալոյանի ֆեյսբուքյան էջում:

Խորին շնորհակալություն ՀՊՏՀ խորհրդի անդամներին՝ իրենց քվեարկությամբ ինձ վստահելու համար, ՀՊՏՀ ողջ անձնակազմին՝ անվերապահ աջակցության համար և արդարամիտ ու ազնվաբարո հանրությանը՝ սադրանքներին, հերյուրանքներին ու բանսարկություններին չտրվելու, իրականությունը ճանաչելու, ճիշտ գնահատելու համար: Շնորհակալ եմ: Թող պատերազմական ներկա իրավիճակում դժգոհության տարբեր օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ բարոյական պատախանատվության տակ:

Ինչ վերաբերում է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի իմ գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու կապակցությամբ ՀՀ ԲՈԿ նախագահի 2020 թվականի հուլիսի 17-ին ընդունած հրամանին, որը տարօրինակ կերպով կայացվեց մրցույթի անցկացման պահին, և որը ակնհայտորեն փաստեց վերջինիս կանխակալ վերաբերմունքը անձիս հանդեպ և բացահայտեց արդարության հանդեպ նրա խտրական պատկերացումները, ապա այն իրավական արգելք չէր կարող հանդիսանալ ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության համար: Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Ավելին, այդ հրամանի ընդունման համար ոչ իրավաչափորեն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ վարչական բողոք էր ներկայացվել իմ կողմից դեռևս ս.թ. հուլիսի 15-ին, սակայն անտեսելով այն և չսպասելով վերադասության կարգով բողոքի վերաբերյալ որոշման ընդունմանը` ԲՈԿ նախագահը հապճեպորեն, սպասարկելով խմբային շահ, ընդունել է մյուս ոչ իրավաչափ որոշումը` դրանով իսկ ակնհայտ դարձնելով այդ որոշումն ընդունելու իր անձնական շահագրգռվածության հանգամանքը: ԲՈԿ-ի նախագահի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործընթացի և դրա արդյունքում օրենսդրությամբ սահմանված իմ իրավունքների և վարչարարության սկզբունքների կոպիտ խախտումներով ընդունված ոչ իրավաչափ հրամանի վերաբերյալ իրավական գնահատականը կտան պատկան մարմինները:

Ի գիտություն այդ տեղեկատվությունը տարածողների՝ իմ մասով ոչ իրավաչափորեն անվավեր ճանաչված 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանով ընդամենը հաստատվել է իմ գիտական աստիճանի շնորհումը, իսկ գիտական աստիճան շնորհելու որոշումը կայացրել է Հայ-Ռուսական համալսարանում գործող ԲՈՀ-ի 008 տնտեսագիտության մասնագիտական խորհուրդը:

Եվ ինչպես ինձ ասաց իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ պայքարելը հեշտ չէ, երբեմն անհասկանալի շատերի համար, բայց դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ»: