ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին
14:08 - 18 հուլիսի, 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանը, Ռուսաստանի հայերի միությունը բանակցել են «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերի հետ, հույս ունենանք՝ խնդիրը կկարգավորվի․ Զոհրաբյանը՝ շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ լարվածության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մոսկվայի գյուղմթերքների շուկայում հայերի և ադրբեջանցիների մեջ առաջացած լարվածությանը։ Նա մասնավորապես նշել է, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունի, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի: Գրառումը՝ ստորև․

«Մենք բացառիկ ժողովուրդ ենք

Ինչպես գիտեք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանական մաֆիան ամեն կերպ խոչընդոտում էր և թույլ չէր տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:

Եվ երեկ, երբ շատերս կոչով դիմեցինք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով օգնել, գնալ և հենց բեռնատարներից գնել հայկական գյուղմթերքը, սիրելիներս, տեղի ունեցավ իսկապես ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ, որտեղ, ադրբեջանցիները, ձեռք բերելով շուկաների սեփականատերերի հետ համաձայնություններ, տարբեր արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չէին տալիս մեր բեռնատարների մուտքը շուկաների տարածք և ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:

Երեկ ամբողջ գիշեր ինձ զանգահարում էին Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները և ասում էին, որ պատրաստ են մեծ ծավալի ծիրան գնել, կոնտակտներ էին խնդրում Հայաստանից տեղափոխված բեռնատարների վարորդների և ֆերմերների, որպեսզի անմիջապես նրանցից կարողանան ձեռք բերել գյուղմթերքն ու հատկապես ծիրանը, որը ևս մեկ օր ու տոննաներով ծիրանը փչանալու էր:

Իսկապես հուզիչ էր տեսնել նման աննախադեպ միասնություն և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որ մեկ մարդու պես միավորվեցին և հատելով անգամ Մոսկվայից 100-200 կիլոմետր, հասան «Ֆուդ սիթի» շուկա և օգնեցին հայաստանցի իրենց հայրենակիցներին:

Սա ևս պատերազմ էր և էս պատերազմում ևս մենք հաղթեցինք:

Քիչ առաջ տեղեկացա նաև, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունենանք, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արձագանքելով կոչին ՝ մեկ բռունցք դառած աննախադեպ հայրենասիրության օրինակ ցույց տվեցին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել