Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան
11:47 - 18 հուլիսի, 2020

Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, հայտնեց, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, բայց, ինչպես հայտնել ենք, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։ 

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

ՊՆ ներկայացուցիչը նկատեց՝ ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տեւական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, եւ այլն․

«Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է Արցախում այսօր խոցված ադրբեջանական ԱԹՍ-ին, Հովհաննիսյանն ասաց, որ դա որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախից առանց այդ մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ։ Միեւնույն ժամանակ նա նշեցմ որ թեեւ սա ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ։

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կկարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են․

«Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված»։

Բանախոսը հայտնեց, որ հակառակորդի «ORBITER-3»-ն այսօր խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը դարձյալ մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։

Նա նշեց, որ անզեն աչքով էլ երեւում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ։

«Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսեւորել բարձր մարտունակություն եւ արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, եւ տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կարծես թե բացառապես Իսրայելից է գնում, եւ որոնք շատ թանկ են, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել