Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չեմ ուզում բացել փակագծերը. Հովհաննիսյան
21:45 - 17 հուլիսի, 2020

Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չեմ ուզում բացել փակագծերը. Հովհաննիսյան

Քիչ առաջ Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ, ըստ էության, ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, քիչ են եղել կրակոցներ: Նա նաև ավելացրեց, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից:

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր այցելել է զորամասերից մեկը․ «Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին: Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների, շարժերի բոլոր ցանկություններն ամբողջովին, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ-երը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են իրականացվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու։ 

Նա նաև նշեց․ «ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում կներգրավվեն մեծ ուժեր՝ մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն»։

Հովհաննիսյանը հաստատեց իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը, սակայն չցանկացավ բացել փակագծերը։ «Մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի նմուշները հայտնվում են ամենատարբեր եղանակներով, և դրանք մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչնեչը կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքնեը սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել