Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|
12:16 - 17 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում անցել է 13,8 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 590 հազարին, բուժվել է ավելի քան 7,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակի հաստատված դեպքերի քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում Ռուսաստանն է

Եվրոպան կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է դիմագրավում: Ընդհանուր առմամբ աշխարհամասում COVID-19-ից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, վարակվել՝ գրեթե 3 միլիոն բնակիչ:

Մոտ 200 հազար իսպանացիներ կրկին խիստ կարանտինի տակ են հայտնվել` այս օրերին երկրում վարակի տարածման կտրուկ աճ է նկատվում:

Ռումինիայում մեկ օրում ավելի քան 640 նոր դեպք է արձանագրվել, կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի կարողանա ավելի արդյունավետորեն պայքարել համավարակի դեմ: Պետության ղեկավար Կլաուս Յոհաննիսը դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և կանխանգելիչ այլ միջոցներ կիրառել:

Փարիզի Դիսնեյլենդը, որը փակ էր երեք ամիս, բացել է դռները, բայց ստիպված կտրուկ նվազեցրել է այցելուների թիվը:

Ռուսաստանին կրկին մեղադրում են, հնարավոր են նոր պատժամիջոցներ

Միացյալ Նահանգները, Կանադան և Միացյալ Թագավորությունը մեղադրել են Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապված հաքերներին Covid-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու փորձի մեջ: Սա կարող է դառնալ Ռուսաստանի դեմ նոր միջազգային պատժամիջոցների պատճառ:

Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ազգային կենտրոնը երեկ մի փաստաթուղթ է հրապակել, որում ասվում է, որ երեք պետությունների հատուկ ծառայությունները մեղադրում են APT29 խմբին՝ պնդելով, որ այն «գրեթե վստահաբար Ռուսաստանի հետախուզության մաս է»:

Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «տեղեկություններ չունի, թե ով կարող էր ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական կենտրոններ»: «Ռուսաստանը որևէ կապ չունի այդ փորձերի հետ», - հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել