hhpress.am: Արցախի Հանրապետության էներգահամակարգը շարունակում է վերափոխվել ու վերազինվել, համապատասխանեցվել միջազգային պահանջներին։ Քառամյա ռազմավարական ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թ. եւ հաշվարկների համաձայն կարժենա 17 մլրդ դրամ, կընդգրկի ողջ համակարգը եւ ավարտին կհասցվի 2023-ին։

«Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձր լարման ցանցի զարգացման նպատակով լիովին վերափոխել ենթակառուցվածքները եւ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները։ Իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեկան 500 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կմատակարարվի Հայաստանի Հանրապետություն։

«Ծրագիրը, որի իրագործումը թույլ կտա բարելավել համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, կիրականացվի չորս փուլով,–ասում է Ա. Խաչատրյանը՝ կարեւորելով բարեփոխումների ռազմավարական նշանակությունը։

–Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ էներգիայի արտադրության ներուժը, մենք տարածաշրջանում արտահանման տեսանկյունից առավել լայն հնարավորություններ կունենանք։ Նախորդ տարվա համեմատությամբ գրեթե հինգ անգամ կաճի Հայաստանի Հանրապետություն արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը, ինչը շարունակական գործընթաց է, եւ, համոզված եմ, փոխգործակցության ամրապնդման պարագայում տնտեսական լուրջ ձեռքբերումներ կարձանագրենք համակարգում»։

Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից կարեւոր քայլ կհամարվի Ստեփանակերտի ամենախոշոր ենթակայանի տեղափոխումն ու վերազինումը։ Իրականացվող աշխատանքներին ծանոթացել եւ հետեւել է երկրի նախագահը, ով էներգահամակարգի ռազմավարական «շեշտադրումներն» ընդգրկել է իր նախընտրական ծրագրում եւ մեծ ակնկալիքներ ունի։

«Արցախէներգոյի» տնօրենը տեղեկացնում է, որ շարունակվում են դեպի Հայաստան օդային նոր գծերի կառուցումը եւ գործող ենթակայանների նորոգումը։ Արդեն ամբողջովին ավարտվել են Աղավնո եւ Սպիտակաջուր-Սառնաղբյուր ենթակայանների վերականգնողական եւ հզորացման աշխատանքները։ Գրեթե ավարտված են Աղավնուց՝ Շինուայր ձգվող օդային երկու գծի նորոգումները։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում եւս մեկ ենթակայան կառուցել «Մաղավուզի խաչմերուկում»։

Օրեր առաջ Դադիվանքի հարեւանությամբ կառուցված նոր ենթակայանի շինարարական աշխատանքների ավարտի մասին զեկուցել են շրջանի էներգետիկները։ Տեղադրվող սարքավորումները գերժամանակակից են, եւ բախշիչ ցանցն արդիականանալով՝ էլեկտրաէներգիայի բարձր որակ կապահովի, լիովին կարդարացվեն սպառողների ակնկալիքները։

Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ հայցելով անջատումների համար բաժանորդների ներողամտությունը, ընկերության ղեկավարը վստահեցնում է, որ «ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելուց հետո իսպառ կվերանան վթարներն ու դժգոհությունները, արդյունքում կունենանք կայուն, գիտատեխնիկական հիմքերի վրա դրված հզոր համակարգ»։