ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ
22:45 - 16 հուլիսի, 2020

ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ:

Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը:

Մանլիո Դի Ստեֆանոն նշեց, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությությունների միջոցով: Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծեց, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Իտալիայի ԱԳՄՀ նախարարի տեղակալն հավելեց, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը:

Կողմերը գոհունակությամբ անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հետագա խորացմանը։ Ավետ Ադոնցն ու Մանլիո Դի Ստեֆանոն փոխադարձաբար ներկայացրեցին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Իտալիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ համավարակի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օգնության և Հայաստան գործուղված բուժանձնակազմի համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել