«Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա»,- այս մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են»,- ասել է նա։

Չոբանյանը նշել է, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքների, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության:

«Այսօր Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում՝ հաշվառել ենք այն անձնանց, որոնք վերադարձել էին հայրենիք և համավարակով պայմանավորված չէին կարողացել մեկնել արտերկիր և արտերկրում զբաղված են եղել շինարարական աշխատանքներով։ Այս ներուժը պիտի օգտագործենք, որ առաջիկայում հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք իրականացնել վթարված շենքերի վերանորոգումը կամ նոր շենքերի կառուցումը»,- հայտնել է մարզպետը։

Չոբանյանը նշել է, որ ճեպազրույցից առաջ ճշտել են՝ վիրավորված բնակչի վիճակը լավ է: