Քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք․ Այս պահին հարաբերական անդորր է․ Հայկ Չոբանյան
14:01 - 16 հուլիսի, 2020

Քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք․ Այս պահին հարաբերական անդորր է․ Հայկ Չոբանյան

Այս պահին հարաբերական անդորր է։ Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։  Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Վերջինս տեղեկացրեց․

«Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք։ Վաղ առավոտից կառավարության հետ քննարկումներ ենք ունեցել։ Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների, վնասների ծավալների վերաբերյալ։ Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների վերականգնման աշխատանքներով։ Այն տները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի կկառուցվեն նորերը։ 

Մենք այս պահին ունենք հաշվառած առնվազն 30 բնակարան կամ առանձնատուն, որոնք վերականգնման կարիք ունեն ։ Այդ աշխատանքները սկսելու ենք անմիջապես։Մենք որոշում ենք կայացրել նաև միանվագ դրամական օգնություն ցուցաբերել այս ընտանիքներին։ 

Շատ կարևոր է, որ մեր բնակիչները պահեն զգոնությունը, որովհետև իրավիճակը ամեն պահի կարող է փոխվել ցանկացած բնակավայրում։ Համայնքներում խուճապ չկա։ Մենք այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ հնարավորության դեպքում մարդիկ պատսպարվեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն՝ մնան պատսպարված։ Իրավիճակը կայուն է , հսկողության ներքո։ Մեր բանակի պրոֆեսյոնալ վարքագծի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում։

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, սակայն անցանելի: Այս օրերին մեր կողմից հատուկ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Անցակետեր են դրված բոլոր 3 ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ հատվածներում: Այդ անցակետերի նպատակն է նաև ճանապարհի անվտանգության ապահովումը, որ եթե լինեն որոշակի սրացումներ, թույլ չտանք երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր ճանապարհներով երթևեկություն կա, ներկա պահին որևէ վտանգ չկա, սակայն խորհուրդ կտամ հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել