Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը
10:19 - 16 հուլիսի, 2020

Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսազանգի միջոցով հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարար Խաչատրյանը, ողջունելով նախագծի մեկնարկը, նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը թե՛ նախկինում, թե՛ ներկայում խիստ արդյունավետ է, մասնավորապես գյուղատնտեսության, փոքր ու միջին ձեռներեցության, զբոսաշրջության ոլորտներում իրականացված ծրագրերը հասցեական են և ճկուն։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձևակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատախանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որտնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել և դրանց համապատախասն օպերատիվ լուծումներ գտնել»։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել առևտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը և խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական և կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի ինքնաբավ և տնտեսապես անվտանգ։

«ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է հայտարարել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը:  Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ:  Մենք անհամբեր սպասում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեր հաջող համագործակցությանն այս ծրագրի շրջանակում՝ հետագայում ներգրավելով կառավարությանը, մասնավոր հատվածին և այլ համապատասխան շահառուներին այնպիսի հարթակների միջոցով, որոնք տրամադրում են պատշաճ իրազեկում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և ստեղծում պետություն-մասնավոր արդյունավետ խորհրդատվության խողովակներ»,-վիրտուալ հանդիպման ընթացքում ասել էԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։

Հենվելով «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված առաջընթացի և կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգի վրա՝ նախաձեռնությունը կնպաստի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կխթանեն մասնավոր հատվածի մրցունակությունը միջազգային ասպարեզում, կբարելավեն ներքին մրցակցությունը,  կընդլայնեն և կբազմազանեցնեն առևտուրը:  Բարելավված գործարար միջավայրը կօգնի ներգրավել նոր ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացում ապահովելու գործում:                                                                                                                                                                                                                                                                               Հանդիպման մասնակիցները նշել են, որ այս նախաձեռնության շրջանակում կաջակցեն ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը ևկնպաստեն մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀկառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, շահառու խմբերին թիրախավորելու մանրամասները և պայմանավորվել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» շուրջ հետագա գործակցության վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել